• Latest news

Արագ քայլքն ու վազքը լավագույնս են նպաստում ոսկրային համակարգի ամրապնդմանը․ BMJ

22 սեպտեմբերի, 2026  16:11

Պարզվել է, որ արագ քայլքն ու թեթև վազքը ոսկրերի հանքային խտության պահպանման համար ֆիզիկական ակտիվության ամենաարդյունավետ տեսակներն են։ Նման եզրահանգման են եկել չինացի գիտնականները՝ վերլուծելով 40-ն անց 18 429 մարդու տվյալներ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ (British Medical Journal) ամսագրում։

Հետազոտողներն ուսումնասիրել են 124 նախորդ աշխատությունների արդյունքները և համեմատել տարբեր տեսակի մարզումների, այդ թվում՝ ուժային վարժությունների, քայլքի և յոգայի ազդեցությունը։ Գիտնականները նաև գնահատել են, թե ֆիզիկական ակտիվության որ ծավալն է կապված ոսկրային հյուսվածքի հանքային խտության՝ ոսկրերի ամրության հիմնական ցուցանիշներից մեկի փոփոխությունների հետ։

Առավել արտահայտված արդյունք ապահովել են արագ քայլքն ու թեթև վազքը։ Աերոբիկ և ուժային մարզումների համադրությունը նույնպես կապված է եղել ոսկրերի վիճակի բարելավման հետ, սակայն այդ ազդեցությունը նկատվել է կմախքի ավելի քիչ հատվածներում։

Ըստ գիտնականների հաշվարկների՝ նկատելի փոփոխությունները սկսվում են շաբաթական մոտ 600 MET-րոպե ծանրաբեռնվածության դեպքում։ Դա համարժեք է շաբաթվա ընթացքում մոտ երկու-երեք ժամ արագ քայլքի կամ թեթև վազքի: Ընդ որում, հետազոտությունը թույլ չի տալիս պնդել, որ ֆիզիկական ակտիվության հենց այս ծավալը երաշխավորված կերպով կանխում է օստեոպորոզը կամ կոտրվածքները։

«Ընդհանուր առմամբ, համակարգված ֆիզիկական վարժությունները կապված են եղել ողնաշարի գոտկային հատվածում, ազդրոսկրի վզիկում և կոնքազդրային հոդում ոսկրային հյուսվածքի հանքային խտության տարիքային նվազման դանդաղեցման հետ։ Այս ազդեցությունը համարվում է չափավոր, բայց պոտենցիալ նշանակալի՝ տարիքի հետ ոսկրերի ամրությունը պահպանելու համար»,- պարզաբանել են գիտնականները։

Միևնույն ժամանակ, մարզումների օգտակարությունը տարբեր է եղել մասնակիցների տարբեր խմբերի մոտ։ Առավել արտահայտված ազդեցություն է նկատվել միջին տարիքի և մարմնի զանգվածի նորմալ ինդեքսով մարդկանց մոտ, մինչդեռ տարեցների, ինչպես նաև ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ մասնակիցների մոտ ֆիզիկական վարժությունների ազդեցությունն ավելի թույլ է եղել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll