Տարիքին զուգընթաց, խրոնիկական սթրեսը կարող է ավելի շատ կապված լինել կանանց ճանաչողական ֆունկցիաների վատթարացման հետ, քան տղամարդկանց մոտ: Այս եզրահանգմանն են եկել հետազոտողները՝ ուսումնասիրելով 50 և ավելի բարձր տարիքի գրեթե 3900 մարդկանց, որոնց մոտ հետազոտությունը սկսելու պահին դեմենցիա չի եղել:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer’s & Dementia ամսագրում:
Այն կանանց մոտ, որոնք հայտնել են տևական սթրեսի ավելի բարձր մակարդակի մասին, ժամանակի ընթացքում նկատվել է ուշադրության և լեզվական ունակությունների ցուցանիշների ավելի արտահայտված անկում, քան սթրեսի համադրելի մակարդակ ունեցող տղամարդկանց մոտ: Հետազոտողները նշում են, որ դեռևս պարզ չէ, թե ինչով է բացատրվում այս տարբերությունը: Հնարավոր գործոնների շարքում նրանք դիտարկում են ինչպես կենսաբանական առանձնահատկությունները, ներառյալ հորմոնների ազդեցությունը, այնպես էլ սոցիալական գործոնները, այդ թվում՝ գենդերային դերերը:
Հետազոտությունը նաև բացահայտել է էթնիկ խմբերի միջև առկա տարբերությունները: Լատինաամերիկյան ծագում ունեցող մասնակիցների մոտ խրոնիկական սթրեսի ավելի բարձր մակարդակը կապված է եղել հիշողության ավելի արտահայտված անկման հետ՝ ի տարբերություն ոչ իսպանախոս սպիտակամորթ մասնակիցների:
Ընդ որում, մեկ գործոն կապված է եղել ավելի բարենպաստ դինամիկայի հետ՝ անկախ խմբից. ավելի ուժեղ սոցիալական աջակցություն զգացող մարդիկ դրսևորել են ուշադրության ավելի փոքր անկում:
Մասնակիցները հայտնել են ֆինանսական խնդիրների, աշխատանքի, առողջության, հարաբերությունների և այլ մարդկանց խնամքի հետ կապված տևական սթրեսի մասին: Նրանք նաև գնահատել են ստացվող սոցիալական աջակցության մակարդակը: Ճանաչողական ֆունկցիաները, ներառյալ հիշողությունը, ուշադրությունը և լեզվական ունակությունները, ստուգվել են մոտավորապես երկու տարին մեկ անգամ:
Միևնույն ժամանակ, հեղինակները շեշտում են, որ հետազոտությունը եղել է դիտարկումային, ուստի թույլ չի տալիս հաստատել պատճառահետևանքային կապ: Չի կարելի պնդել, որ հենց խրոնիկական սթրեսն է առաջացնում ճանաչողական ֆունկցիաների վատթարացում: Բացառված չէ նաև այլ գործոնների ազդեցությունը:
Հետագայում հետազոտողները նախատեսում են պարզել, թե արդյոք սթրեսի մակարդակի նվազեցումը կամ նշանակալի սոցիալական կապերի ամրապնդումը կարող են օգնել տարիքի հետ պահպանել ճանաչողական ֆունկցիաները, ինչպես նաև, թե ինչպես կարող են այդ գործոնները կապված լինել Ալցհեյմերի հիվանդության և դեմենցիայի այլ ձևերի հավանականության հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում