• Latest news▼

Բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակը շնորհվել է օպտոգենետիկայի ոլորտում արված հայտնագործությունների համար

5 հոկտեմբերի, 2026  14:06

2026 թվականի Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկացի գիտնական Կառլ Դեյսերոթը և Գերմանիան ներկայացնող գիտնականներ Պետեր Հեգեմանն ու Գեորգ Նագելը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել են Նոբելյան կոմիտեում։ Նրանք այս պարգևին արժանացել են «լուսակառավարվող իոնային կանալների և օպտոգենետիկայի ոլորտում արված հայտնագործությունների համար»։

Հետազոտությունների մասին մանրամասն ներկայացված է Նոբելյան կոմիտեի մամուլի հաղորդագրությունում։

Անցյալ տարի Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակ են ստացել ամերիկացի գիտնականներ Մերի Բրունկովն ու Ֆրեդ Ռամսդելը, ինչպես նաև ճապոնացի գիտնական Սիմոն Սակագուչին։ Մրցանակը շնորհվել էր «պերիֆերիկ իմունային տոլերանտությանն առնչվող հայտնագործությունների համար», որը թույլ չի տալիս իմունային համակարգին վնաս հասցնել օրգանիզմին։

Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում մրցանակակրին որոշում է 1810 թվականին հիմնադրված Ստոկհոլմի Կարոլինսկա ինստիտուտը։ Նոբելյան կոմիտեի անդամները կարող են նաև մասնագետների հրավիրել՝ խորհրդատվությունների նպատակով։

Ֆիզիոլոգիայի կամ բժշկության մրցանակի հանձնումով մեկնարկել է «նոբելյան շաբաթը»։ Վաղը՝ հոկտեմբերի 6-ին, հայտնի կդառնա ֆիզիկայի ոլորտի դափնեկիրը, հոկտեմբերի 7-ին՝ քիմիայինը։ Գրականության ոլորտի մրցանակակրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 8-ին։ Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը կհատարարեն Օսլոյում՝ հոկտեմբերի 9-ին։ Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Տնտեսագիտության ոլորտում մրցանակը, որը 1969 թվականից հիմնադրվել է Շվեդիայի բանկի կողմից, կշնորհվի հոկտեմբերի 12-ին։

2026 թվականին Նոբելյան մրցանակը նշում է հիմնադրման 125-ամյակը, և հոբելյանական տարում Նոբելյան հիմնադրամն ավելացրել է մրցանակային ֆոնդի չափը 1 միլիոն կրոնով՝ հասցնելով այն 12 միլիոն կրոնի (մոտ 1,2 միլիոն դոլար)։

Դափնեկիրների պարգևատրման արարողությունը ավանդաբար տեղի կունենա Ստոկհոլմում՝ դեկտեմբերի 10-ին։ 1896 թվականի այդ օրը վախճանվել է շվեդ ձեռնարկատեր և գյուտարար, մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll