Դեռահասները, որոնք ավելի հաճախ են միրգ ուտում և ավելի քիչ քաղցր ըմպելիքներ խմում, ավելի հազվադեպ են բախվում դեպրեսիայի և տագնապայնության ախտանիշների բարձր ռիսկի հետ: Նման եզրահանգման են եկել հետազոտողները, որոնք երեք տարվա ընթացքում դիտարկել են ավելի քան 6,5 հազար ավստրալացի դպրոցականների: Ընդ որում, բանջարեղենի օգտագործումը վիճակագրորեն նշանակալի կապ չի ցուցադրել այդ խանգարումների ռիսկի հետ:
Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Child and Adolescent Mental Health բժշկագիտական հանդեսում, մասնակցել է 6537 դեռահաս Ավստրալիայի 71 դպրոցից: Դիտարկման սկզբում նրանց միջին տարիքը կազմել է մոտ 13 տարի: Մասնակիցները կանոնավոր կերպով լրացրել են հարցաթերթիկներ, որոնցում հայտնել են, թե օրական որքան միրգ, բանջարեղեն և քաղցրացված ըմպելիքներ են օգտագործում:
Գիտնականները գնահատել են տագնապայնության և դեպրեսիայի ախտանիշները ստուգված հարցաշարերի միջոցով: Խոսքը ախտանիշների որոշակի շեմային մակարդակի հասնելու մասին էր, այլ ոչ թե բժշկական ախտորոշումների:
Ըստ հետազոտության արդյունքների՝ օրական մրգի յուրաքանչյուր լրացուցիչ բաժինը կապված է եղել դեպրեսիայի արտահայտված ախտանիշների ռիսկի 13%-ով, իսկ տագնապայնության ռիսկի՝ 7%-ով նվազման հետ: Սակայն մրգերի օգտագործման և տագնապայնության միջև կապը չի հասել վիճակագրական նշանակալիության տղաների և աղջիկների տվյալների առանձին վերլուծության ժամանակ:
Քաղցրացված ըմպելիքների օգտագործումը, ընդհակառակը, կապված է եղել երկու վիճակների արտահայտված ախտանիշների բարձր ռիսկի հետ: Այդ կատեգորիայի մեջ մտնում էին գազավորված ըմպելիքները, սպորտային ըմպելիքները և հավելյալ շաքար պարունակող այլ ըմպելիքներ: Կապը նկատվել է երկու սեռերի դեռահասների մոտ էլ, սակայն ռիսկի թվային գնահատականներն ավելի բարձր են եղել տղաների շրջանում, հատկապես տագնապայնության առնչությամբ: Ընդ որում, հետազոտողները չեն հաստատել, թե արդյոք սեռերի միջև տարբերությունը վիճակագրորեն նշանակալի է:
Հեղինակները ենթադրել են, որ քաղցր ըմպելիքների և հոգեկան վիճակի միջև կապը կարող է բացատրվել, մասնավորապես, բորբոքային գործընթացներով կամ հորմոնների մակարդակի փոփոխություններով, օրինակ՝ կորտիզոլի: Սակայն հետազոտության շրջանակում այդ մեխանիզմները չեն ստուգվել: Բացի դրանից, արդյունքները կարող էին կախված լինել մասնակիցների սննդակարգի և կենսակերպի այլ առանձնահատկություններից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day