Բարսելոնայի համալսարանի գիտնականները սպիտակուց են հայտնաբերել, որը կարող է առանցքային դեր խաղալ լյարդի նյութափոխանակային ստեատոտիկ հիվանդության (ՄԱՍԲՊ) զարգացման գործում. այն աշխարհում լյարդի ամենատարածված քրոնիկ հիվանդություններից մեկն է։ Մկների վրա կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ այս սպիտակուցի բացակայությունը պաշտպանում է լյարդը ճարպի կուտակումից, բորբոքումից և սպիական հյուսվածքի առաջացումից։ Հայտնագործությունը կարող է օգնել հիվանդության բուժման նոր մեթոդների մշակմանը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Metabolism» գիտական ամսագրում։ Մասնագետներն ուսումնասիրել են ENT1 սպիտակուցը, որը բջջաթաղանթով տեղափոխում է փոքր մոլեկուլներ՝ նուկլեոզիդներ. վերջիններս մասնակցում են բջիջների կենսագործունեության տարբեր գործընթացներին։ Հետազոտողներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ադենոզինին, որը կարևոր դեր ունի բորբոքման կարգավորման և սթրեսի նկատմամբ բջջային արձագանքի մեջ։
ՄԱՍԲՊ-ն զարգանում է նյութափոխանակության խանգարումների, այդ թվում՝ ճարպակալման ֆոնին և ուղեկցվում է լյարդում ճարպի ավելցուկային կուտակմամբ։ Ծանր դեպքերում հիվանդությունը կարող է վերածվել խորացած ֆիբրոզի կամ լյարդի քաղցկեղի։ Դրա զարգացման մեխանիզմները դեռևս լիարժեք ուսումնասիրված չեն։
Մկների վրա անցկացված փորձարկումների ընթացքում գիտնականները համեմատել են ENT1 սպիտակուց ունեցող և չունեցող կենդանիներին։ Պարզվել է, որ այս սպիտակուցի բացակայության դեպքում լյարդում նվազել է ադենոզինի մակարդակը, ինչպես նաև պակասել են ճարպի կուտակումը, բորբոքումն ու ֆիբրոզը։ Բացի այդ, նման մկների մոտ բարելավվել է գլյուկոզի յուրացումը (հանդուրժողականությունը) և բարձրացել ինսուլինի նկատմամբ զգայունությունը։ Սա վկայում է, որ ENT1-ը կարող է ազդել ոչ միայն լյարդի վիճակի, այլև ողջ օրգանիզմի նյութափոխանակության վրա։
Հետազոտողները վերլուծել են նաև պացիենտների լյարդի բիոպսիայի նմուշները և գեների ակտիվության վերաբերյալ տվյալները։ Պարզվել է, որ ENT1-ի էքսպրեսիայի մակարդակը փոխվում է հիվանդության զարգացմանը զուգահեռ. վաղ փուլերում այն բարձր է, իսկ հիվանդության խորացման հետ մեկտեղ՝ նվազում է։ Հեղինակները ենթադրում են, որ սկզբնական շրջանում սպիտակուցի բարձր ակտիվությունը կարող է նպաստել ադենոզինի դեպի լյարդի բջիջներ անցմանը և ախտաբանական փոփոխությունների առաջացմանը։
ՄԱՍԲՊ-ի վաղ փուլում գտնվող պացիենտների մոտ լյարդում ENT1-ի բարձր էքսպրեսիան կապված է եղել նաև ինսուլինի բարձր մակարդակի և HOMA-IR ավելի բարձր ինդեքսի հետ, որը կիրառվում է ինսուլինակայունությունը գնահատելու համար։
Գիտնականները ENT1-ը համարում են բուժման ապագա մեթոդների խոստումնալից թիրախ։