Այն երեխաների մոտ, որոնց մայրերը հղիության ընթացքում ենթարկվել են անտառային հրդեհների հետևանքով առաջացած մանրադիսպերս մասնիկների ազդեցությանը, ավելի հաճախ է աուտիզմ ախտորոշվել։ Այս մասին հայտնի է նոր հետազոտությունից։
Հղիության շրջանում օդում անտառային հրդեհների հետ կապված մանր մասնիկների միջին խտության՝ յուրաքանչյուր 0,75 միկրոգրամ/խորանարդ մետրով ավելացումն ուղեկցվել է աուտիզմի զարգացման ռիսկի շուրջ 30 տոկոս աճով:
Աուտիզմի հետ կապն առավել ցայտուն է դրսևորվել հղիության երկրորդ և երրորդ եռամսյակներում:
«Հղիությունն ուղեղի բուռն զարգացման շրջան է, որի ժամանակ շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը կարող է խաթարել ձևավորման կարևոր գործընթացները», - ինչպես փոխանցում է Euronews-ը, նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Ռաթգերսի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի համաճարակաբան Ստեֆանիա Պապատեոդորուն:
Աուտիզմը կապված է նյարդային համակարգի զարգացման բարդ գործընթացների հետ, որոնք սկսվում են դեռևս մինչև ծնվելը՝ երբ ուղեղն արագորեն զարգանում է, և նյարդային բջիջների միջև կապեր են ձևավորվում:
Նա հավելել է, որ ստացված տվյալներն ընդգծում են անտառային հրդեհների մշտադիտարկման և հղիության շրջանում օդի որակի վրա դրանց հնարավոր ազդեցության գնահատման կարևորությունը:
Հետազոտության շրջանակում ԱՄՆ-ում ուսումնասիրվել է շուրջ 900 հազար զույգ «մայր և երեխա», որոնց հետևել են միջինում 6,3 տարի:
Անտառային հրդեհների ծուխը պարունակում է մանր մասնիկներ, գազեր և այլ աղտոտիչներ: Դրա բաղադրությունը կարող է փոխվել՝ կախված նրանից, թե կոնկրետ ինչ է այրվում, քանի որ կրակը կարող է կլանել պլաստմասսա, էլեկտրոնիկա և ներկանյութեր՝ օդ արտանետելով թունավոր քիմիական նյութեր:
Այդ մասնիկներն ունակ են խորը թափանցել թոքերի մեջ և բորբոքում առաջացնել ամբողջ օրգանիզմում: Սա այն հնարավոր մեխանիզմներից մեկն է, որի միջոցով ծխի ազդեցությունը կարող է անդրադառնալ հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա:
«Անտառային հրդեհների ծուխը կարող է տարածվել բուն հրդեհի գոտուց շատ հեռու, և մարդիկ կարող են ենթարկվել դրա ազդեցությանը նույնիսկ այն ժամանակ, երբ անզեն աչքով այն չի նկատվում», - նշել է Պապատեոդորուն:
Նախկինում ևս պարզվել է, որ ծուխը կապված է առողջական մի շարք բացասական հետևանքների, այդ թվում՝ ասթմայի, թոքերի խրոնիկական հիվանդությունների և հոգեկան առողջության խանգարումների հետ:
Հեղինակներն ընդգծել են, որ իրենց աշխատանքը կրել է դիտարկողական բնույթ և թույլ չի տալիս պատճառահետևանքային կապ հաստատել անտառային հրդեհների ծխի ազդեցության և աուտիզմի զարգացման միջև:
«Այն բանի ընկալումը, թե ինչպես կարող է շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը նախածննդյան շրջանում, գենետիկական և այլ գործոնների հետ մեկտեղ, նպաստել աուտիզմի առաջացմանը, մնում է գիտական հետազոտությունների կարևոր ուղղություն», - ասել է Պապատեոդորուն:
Հղիության ընթացքում ծխի ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումները, ներառյալ օդի որակի առավել ճշգրիտ կանխատեսումն ու շինություններ ծխի ներթափանցումը սահմանափակող ռազմավարությունները, կարող են օգնել պաշտպանել մայրերի և երեխաների առողջությունը: