Տեխասի համալսարանի Մ. Դ. Անդերսոնի անվան ուռուցքաբանական կենտրոնի գիտնականները պարզել են, որ METTL13 ֆերմենտն օգնում է քաղցկեղային բջիջներին ավելի արագ արտադրել ուռուցքի աճի համար անհրաժեշտ սպիտակուցներ: Դրանց շարքում է նաև KRAS-ը, որը կարևոր դեր ունի քաղցկեղի բազմաթիվ տեսակների զարգացման գործում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cell Biology ամսագրում:
Այս բացահայտման առանցքում METTL13 ֆերմենտն է: Գիտնականները պարզել են, որ այն քիմիական պիտակ է ավելացնում բջջում այլ սպիտակուցների արտադրությանը մասնակցող սպիտակուցներից մեկին: Սա օգնում է բջջային մեխանիզմին ավելի արդյունավետ կերպով կարդալ գենետիկական հրահանգները և արտադրել ավելի մեծ քանակությամբ որոշակի սպիտակուցներ, այդ թվում՝ բազմաթիվ ուռուցքների աճը խթանող KRAS-ը:
«KRAS գենը հաճախ մուտացիայի է ենթարկվում թոքերի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ։ Չնայած դրա ակտիվությունն արգելափակող դեղամիջոցների ի հայտ գալուն՝ ուռուցքները երբեմն հարմարվում են բուժմանն ու դառնում դեղակայուն», — պարզաբանել են գիտնականները։
Նախակլինիկական մոդելների վրա կատարված փորձերի ժամանակ METTL13-ի ակտիվության նվազումը հանգեցնում էր KRAS-ի և քաղցկեղային բջիջների աճին նպաստող այլ սպիտակուցների արտադրության կրճատմանը: Արդյունքում ուռուցքներն ավելի դանդաղ էին աճում։ KRAS մուտացիայով թոքերի քաղցկեղի մոդելներում ֆերմենտի ճնշումը նաև օգնում էր վերականգնել ուռուցքների զգայունությունը սոտորասիբ դեղամիջոցի նկատմամբ և բարձրացնում էր կենդանիների ապրելիության մակարդակը։
Բացի այդ, պացիենտների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ ուռուցքներում METTL13-ի բարձր ակտիվությունը կապված է KRAS-ի դեմ ուղղված դեղամիջոցների նկատմամբ ավելի վատ արձագանքի հետ:
Գիտնականները կարծում են, որ METTL13-ի վրա ներգործությունը կարող է դառնալ ուռուցքների՝ այդ թվում գոյություն ունեցող բուժումների նկատմամբ կայունություն դրսևորող տեսակների դեմ պայքարի նոր միջոց: Սակայն նախքան այս մոտեցումը մարդկանց պարագայում կիրառելը, անհրաժեշտ է մշակել ֆերմենտի վրա ներգործելու անվտանգ եղանակ և դրա արդյունավետությունը ստուգել կլինիկական փորձարկումների միջոցով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day