Եղվարդի մանկապարտեզում թունավորված երեխաները հիվանդանոց են տեղափոխվել բարձր՝ 39.5 աստիճան ջերմությամբ, փսխումներով եւ փորլուծությամբ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին տուժած երեխաների ծնողներն են պատմել։ Այս պահին երեխաներից շատերը դեռ թույլ են, ոչինչ չեն ուտում, բայց երեկվա համեմատ դրական շարժ է նկատվում, իսկ ջերմությունը մի փոքր նվազել է։

Ինչպես լրագրողներին ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն է պատմել, այս պահին հիվանդանոցային բուժման կարիք ունեցող 63 երեխա է հայտնաբերվել։ Նրանցից 17-ը Երեւանում են, մնացածը՝ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում։

Մասնագետի խոսքով՝ այս պահին մարդկանց մեջ որոշակի խուճապ է նկատվում. ոմանք, լսելով թունավորումների մասին, նույնիսկ առողջ երեխաներին հիվանդանոց են բերում։ Սակայն, Արա Ասոյանի խոսքով, ավելի լավ է, որ շատ գան, քան որեւէ հիվանդ երեխա հսկողությունից դուրս մնա։

Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում երեխաների զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28-ի երեկոյան։ Եղվարդ էր մեկնել ՀՀ ԱՆ մասնագետների խումբը, եւ Գյուղատնտեսության նախարարության  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի խումբը, կատարվել են տարբեր հետազոտություններ եւ սննդամթերքի նմուշառում։

Դիտեք NEWS.am Medicine-ի ռեպորտաժը Եղվարդի «Նաիրի» կլինիկայից։

[gallery id=41]

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի