Շարունակվում են բուժական եւ հակահամաճարակային միջոցառումները Եղվարդի մանկապարտեզում երեկ արձանագրված թունավորման տարածումը կանխելու եւ տուժած փոքրիկների արդյունավետ բուժումն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Ժամը 21-30-ի դրությամբ 50 երեխա բուժվում է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, 18-ը` Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Աղեստամոքսային թեթեւ գանգատներով 25 երեխայի բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում:
Առողջապահական կազմակերպությունները շարունակում են հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումները։
Հոսպիտալացված բոլոր երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նկատվում է լավացման դրական տեղաշարժ:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել էր 67՝ ստացիոնար եւ 21՝ ամբուլատոր (88) բուժում ստացող երեխայի մասին։ Հիշեցնենք, որ երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա ախտորոշումը։
[gallery id=41]
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի






