ՄԻԱՎ-վարակը, իհարկե, շատ վատ եւ վտանգավոր հիվանդություն է, բայց սխալ է այն առանձնացնել այլ սեռավարակներից: Այս կարծիքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մաշկա-վեներաբան Հովհաննես Հովհաննիսյանն է արտահարտել:

Նրա խոսքով՝ այսօր ՄԻԱՎ-վարակին շատ մեծ ուշադրություն է հատկացվում (դրա դեմ պայքարին առանձին օր է նվիրված, ողջ աշխարհում տարբեր միջոցառումներ են անցկացվում), եւ դա, իհարկե, շատ լավ է, բայց  այլ սեռավարակներն անտեսել չի կարելի, քանի որ դրանք ոչ պակաս վտանգավոր են:

«ՄԻԱՎ-վարակը բազմաթիվ սեռավարակներից մեկն է, չգիտես ինչու մենք միշտ դա մոռանում ենք եւ ՄԻԱՎ-ին վերաբերվում ենք որպես առանձին մի հիվանդության», - նշել է մաշկա-վեներաբանը:

Ինչու՞ են ՄԻԱՎ-ին ավելի մեծ ուշադրություն դարձնում, քան այլ վարակներին: Դրա համար, մասնագետների կարծիքով, բազմաթիվ գործոններ կան. մասնավորապես, ՄԻԱՎ-ի հետ կապված ցանկացած նախագիծ սովորաբար լավ ֆինանսավորում է ստանում, ինչը չի կարելի ասել այլ սեռավարակների մասին. ավելին՝ այլ սեռավարակներին նվիրված միջոցառումներ գրեթե երբեք չեն էլ անցկացվում:

Սակայն այլ սեռավարակներն իրոք անտեսել չի կարելի: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ՄԻԱՎ-ի՝ սեռական ճանապարգով փոխանցվելու հավանականությունը մի քանի անգամ աճում է, եթե մարդու մոտ կա նաեւ որեւէ սեռավարակ:

Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանն իր հերթին նշել է, որ բոլոր այլ սեռավարակներն իրոք ոչ պակաս վտանգավոր են, քան ՄԻԱՎ-ը. մասնավորապես, դրանք հարված են հասցնում մարդու ռեպրոդուկտիվ ֆունկցիային, ինչի հետեւանքով երկրում աճում են անպտղության ցուցանիշները եւ անառողջ երեխաների ծնունդների թիվը:

Մասնագետները հիշեցնում են, որ այլ սեռավարակների մասին տեղեկատվություն տարածելը եւ դրանց կանխարգելման մասին խոսելը ոչ պակաս կարեւոր եւ արդիական է, քան՝ ՄԻԱՎ-վարակի: