Վերջին տարիներին Երեւանում որոշակի ենթակառուցվածքներ են ստեղծվել՝ քաղաքը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ավելի հարմար եւ մատչելի դարձնելու համար, սակայն չլուծված խնդիրները դեռ շատ են, իսկ քաղաքը դեռ կիլոմետրերով հեռու է արեւմտյան չափանիշներից:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն է պատմել, դրական տեղաշարժ է այն, որ քաղաքում վերջապես հարմար թեքահարթակներ են սարքվել:
«Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում տեսնում ենք ոչ ձեւական թեքահարթակներ, այլ՝ նորմատիվներին համապատասխանող եւ սայլակ օգտագործող հաշմանդամների կյանքը հեշտացնող», - նշել է նա:
Հյուրանոցների մուտքերի մատչելիության եւ սանհանգույցների հարցը շատ հյուրանոցներում նույնպես լուծվել է՝ հենց « Ունիսոն» հասարակական կազմակերպության աջակցությամբ եւ խորհրդակցությամբ:
Սակայն միայն թեքահարթակները բավարար չեն՝ քաղաքը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հասանելի դարձնելու համար: Հարկավոր է նաեւ, օրինակ, մատչելի տրանսպորտ, որը դեռ հայտնի չէ, թե երբ կներդրվի:
Բացի այդ, մատչելիության հարցը ներառում է ոչ միայն ֆիզիկական տեղաշարժման հնարավությունը, այլեւ, օրինակ, գրականության մատչելիությունը կույր մարդկանց համար (հիշեցնենք, որ հայաստանում արդեն 15 տարի է, ինչ կույրերի համար նախատեսված գրքեր չեն տպագրվում), տեղեկատվական մատչելիությունը՝ լսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար եւ այլն: Այս ուղղություններով Երեւանում դեռ գրեթե ոչինչ չի արվում։






