Դեմքի սկրաբը բազմաթիվ հայերի համար անհրաժեշտություն է, քանի որ նրանց չափազանց ճարպոտ մաշկը սովորաբար լրացուցիչ խնամքի կարիք ունի։ Հենց այդ խնամքն էլ սկրաբն է ապահովում՝ մաշկից մակերեսային շերտի մահացած բջիջները եւ ավելորդ ճարպը հեռացնելով, որպեսզի դրանք չխցանեն ծակոտիները եւ ավելորդ խնդիրներ չառաջացնեն։
Սակայն սկրաբի օգտագործման որոշակի նրբություններ կան, որոնց մասին շատերը չգիտեն։ Հենց այս նրբությունների մասին մաշկա-վեներաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ ենք զրուցել։
Ինչո՞վ չորացնել դեմքը՝ սկրաբն օգտագործելուց հետո։
Որոշ մարդիկ սկրաբով լվացվելուց հետո դեմքը չորացնում են ընդհանուր սրբիչով, որով ընտանիքի բոլոր անդամները ձեռքերն են չորացնում։ Դա, մասնագետի կարծիքով, սխալ է, քանի որ սկրաբից հետո մաշկն անպաշտպան եւ խոցելի է դառնում։ Ցանկալի է դեմքը սկրաբ օգտագործելուց հետո առանձին փափուկ սրբիչով չորացնել։
Սկրաբ օգտագործումն օրվա ո՞ր ժամի համար է ավելի ճիշտ:
Շատերն առավոտյան են դեմքը սկրաբով լվանում, ապա դուրս են գալիս փողոց, որտեղ մեծ քանակությամբ փոշի կա. այդ փոշին նստում է ոչ թե դեմքի ճարպի վրա, այլ՝ մաշկի, եւ դա, մասնագետի խոսքով, այնքան էլ լավ չէ։
«Այո, առավոտյան շատ թարմ տեսք եք ունենում, հասնում եք աշխատավայր, բայց մոտ 40 րոպե հետո մաշկի վիճակը սկսում է կտրուկ վատանալ», - բացատրել է մաշկաբանը։
Սկրաբը, նրա խոսքով, նախընտրելի է երեկոյան օգտագործել, ցանկալի է՝ նույնիսկ քնելուց առաջ, որպեսզի դեմքի «ճարպազերծված» եւ անպաշտպան մաշկը շփվի միայն բարձի հետ, որը շատ ավելի մաքուր է, քան արտաքին միջավայրը։






