Ճապոնական Միյաձակի պրեֆեկտուրայի հարավ-արեւելքում (Կյուսյու կղզի) գտնվող թռչնաֆաբրիկայում հայտնաբերվել է թռնչագրիպի H5 տեսակի բարձր հիվանդաբեր վիրուսը:
Ինչպես հայտնում են ճապոնական ԶԼՄ-ները, մասնագետներն այժմ ստիպված իրականացնում են 42 000 հավի սպանդ վարակի տարածումը թույլ չտալու համար: Միյաձակիի թռչնաֆաբրիկայում անասնաբուժական ստուգում է սկսվել նախօրեին այդ վայրում 30 սատկած թռչուն հայտնաբերելուց հետո: Ստուգման արդյունքում դրանցից շատերի մոտ հայտնաբերվել է H5 տեսակի թռչնագրիպի վտանգավոր վիրուս: Թռչնաֆաբրիկայից 3 կմ շառավղով կարանտին է հայտարարվել, իսկ 10 կմ շառավղով էլ իշխանություններն արգելք են դրել ձվերի, թռչունների եւ թռչնի մսի արտադրանքի՝ այդ տարածաշրջանի սահմաններից դուրս արտահանման վրա: Ճանապարհներին ախտահանում է իրականացվում, ստուգվում են նաեւ հարեւան թռչնաֆաբրիկաների թռչունները:
Ոչ այնքան վաղուց Միյաձակիի պրեֆեկտուրայում գրանցվել է թռչնագրիպի եւս մեկ բռնկում. դեկտեմբերի 16-ին հիվանդությունը հայտնաբերվել է Նոբեոկա քաղաքում: Այդ ժամանակ մասնագետներն ստիպված էին մոտ 4000 թռչուն ոչնչացնել: Այս տարվա ամբողջ կտրվածքով Ճապոնիայում տեղի է ունեցել թռչնագրիպի արդեն երեք բռնկում, որոնց պատճառով ստիպված են եղել գրեթե 150 000 հավ ոչնչացնել:






