Ամանորյա տոներին խորհուրդ չի տրվում երեխա պլանավորել, քանի որ ալկոհոլը, որը գրեթե բոլոր մարդիկ պարտադիր կարգով խմում են ամանորյա սեղանների շուրջ, բացասաբար է անդրադառնում պտղաբերության  վրա: Ընդ որում, առաջին հերթին տուժում է տղամարդկանց սերմնահեղուկի որակը:

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են BMJ Open ամսագրում, նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ քանակությունը վատթարացնում է սերմնահեղուկի որակը: Գիտնականները սա բացահայտել են՝ ստուգելով 18-28 տարեկան 1200 տղամարդու վիճակը 2008-2012 թթ. ընթացքում:

Տղամարդկանց հետազոտման շրջանակում տղամարդիկ արյան եւ սերմնահեղուկի անալիզ են հանձնել, նաեւ պատմել են, թե ինչքան են խմում: Պարզվել է՝ շաբաթական պարբերաբար 7,5 չափաբաժին ալկոհոլ (սովորական մեկ գավաթ գարեջուրը հավասար է ալկոհոլի մոտ 2,3 չափաբաժնի) օգտագործող տղամարդիկ  սերմնահեղուկի որակի խնդիր են ունեցել: Ընդ որում, ինչքան թունդ է ոգելից խմիչքը, այնքան ակնառու է դրա բացասական ազդեցությունը:

Զգալիորեն վատ է եղել շաբաթական ալկոհոլի 37,5  չափաբաժին  օգտագործող տղամարդկանց վիճակը: Հենց այդ պատճառով հետազոտողները խստորեն խորհուրդ չեն տալիս շաբաթական օգտագործել ալկոհոլի 21-28 չափաբաժնից ավելի, իսկ ավելի լավ է հնարավորության դեպքում ոգելից խմիչքներից հրաժարվել եւ խմել միայն տոներին, այն էլ շատ քիչ: Դա ոչ միայն դրականորեն է անդրադառնում սերմնահեղուկի որակի վրա, այլեւ օգնում է կանխելու բազմաթիվ, այդ թվում եւ քաղցկեղային  հիվանդություններ: