Քաջարանի բժշկական կենտրոնի վիրահատարանի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է։ Առողջապահական պետական տեսչությունը պետք է պարզի, արդյոք վիրահատարանն է եղել 8 հոգու՝ հեպատիտ Ց-ով վարակվելու պատճառը։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց Քաջարանի բժշկական կենտրոնի բուժ. գծով տեղակալ Վիրաբ Մանասյանը։
Քաջարանի 8 բնակչի մոտ Երեւանում կատարված հետազոտությունները հաստատել են հեպատիտ Ց–ի վարակի առկայությունը։ Հայտնի է, որ բոլոր 8-ը 2014 թվականի տարբեր ամիսներին վիրահատվել են Քաջարանի բժշկական կենտրոնում։ Սակայն, Վիրաբ Մանասյանի խոսքով, սխալ է պնդել, որ այդ մարդիկ հենց հիվանդանոցում են վարակվել՝ նրանք կարող էին ցանկացած այլ վայրում վարակվել։
NEWS.am Medicine-ի տվյալներով, հեպատիտ Ց-ով վարակված մարդկանց թիվն իրականում ոչ թե 8 է, այլ՝ 16։






