Ինչո՞ւ են գրիպի համաճարակներն ու մրսածությունը, որպես կանոն, հենց ձմռանը պատահում: Եվ ինչո՞ւ են մարդիկ ձմռանն առավել հաճախ հիվանդանում, քան տարվա մյուս եղանակներին: Այս հարցերին հունվարի 19-ին տեղի ունեցած մամլո ասուլիսին պատասխանել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:

Ձմռանը, որպես կանոն, շինությունների ներքին ջերմաստիճանն զգալիորեն տարբերվում է փողոցի ջերմաստիճանից. ջեռուցվող տներում այն սովորաբար 14-15◦C-ից պակաս չի լինում, երբ միեւնույն ժամանակ փողոցում ջերմաստիճանը կարող է մինուս 1-2 լինել: Երբ մարդը տաք տարածքից դուրս է գալիս փողոց, այդ հակադրությունն օրգանիզմի համար հավելյալ սթրես է ստեղծում, որի արդյունքում իմունային համակարգը կտրուկ թուլանում է, իսկ արդեն գոյություն ունեցող մանրէները, միկրոբները եւ վիրուսները հնարավորություն են ստանում ակտիվորեն բազմանալու: Ու այսպես սկսվում են «ձմեռային» հիվանդությունները:

Իհարկե, սա բոլոր մարդկանց հետ չէ, որ տեղի է ունենում, այլ առաջնահերթ թույլ իմունիտետ ունեցող եւ նման հիվանդությունների հանդեպ զգայուն մարդկանց հետ: Թոքաբանի կարծիքով՝ առկա քրոնիկ հիվանդությունները նույնպես կարեւոր դեր են խաղում, հատկապես երեխաների մոտ: Ավաղ, շատերը նույնիսկ չգիտեն իրենց քրոնիկ հիվանդությունների մասին եւ չեն էլ փորձում դրանք վերահսկել, ուստի նրանք մյուսներից առավել հաճախ են հիվանդանում:

Ինչպես նշեց Անդրանիկ Ոսկանյանը, երեխաները, որպես կանոն, մեծահասակներից ավելի հաճախ են հիվանդանում, քանի որ նրանց իմունային համակարգը մինչեւ վերջ ձեւավորված չէ եւ միշտ չէ, որ կարող է դիմակայել շրջապատող միջավայրի մարտահրավերներին: Տարեկան միջին վիճակագրական երեխան շնչառական հիվանդություններով հիվանդանում է մոտ 3-5 անգամ, առավել հաճախ՝ տարվա ցուրտ եղանակին: