Քաջարանում հեպատիտ Ց-ի եւս մեկ դեպք է հայտնաբերվել: Հիվանդության առկայությունը հաստատվել է նախնական թեստով, սակայն պետք է եւս մեկ հետազոտություն անցկացնել՝ ախտորոշումը վերջնականապես հաստատելու համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը:

Պացիենտի արյունը այժմ Երեւան է տեղափոխվել, որպեսզի այստեղ՝ ՊՑՌ մեթոդի օգնությամբ վարակի առկայությունը հաստատվի կամ հերքվի: Հետազոտության պատասխանը հայտնի կլինի երկուշաբթի օրը:

Քաջարանի բժշկական կենտրոնի աշխատանիցներից մեկի մոտ նույնպես հեպատիտ Ց-ի կասկած կա. նրա արյան անալիզը նույնպես բերվել է Երեւան:

Հիշեցնենք, որ Քաջարանի 8 քաղաքացիների մոտ հայտնաբերվել էր հեպատիտ Ց: Եթե այս դեպքն էլ հաստատվի, վարակվածների թիվն արդեն 9 կլինի:

Հիշեցնենք նաեւ, որ օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները Քաջարանի բժշկական կենտրոնում իրականացրել էին ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների գնահատման ուսումնասիրություն, որի արդյունքում վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ շեղումներ էին հայտնաբերվել: Մասնագետները չեն բացառում, որ վարակի աղբյուրը կարող էր հենց կլինիկան լինել: