Քաջարանում հեպատիտ Ց-ով վարակված մարդիկ ստիպված չեն լինելու հիվանդության խրոնիզացիայի դեպքում բուժման համար վճարել: Ինչպես լրագրողներին ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանն է պատմել, երրորդ անձը պատրաստ է հոգալ բուժման կարիք ունեցող մարդկանց բուժման ծախսերը:

«Առողջապահության նախարարը անձամբ այդ աղբյուրը գտել է, ես էլ անձամբ նրա հետ զրուցել եմ, եւ նա հաստատել է, որ պատրաստ է ֆինանսավորել այն պացիենտներին, ովքեր կունենան բուժման կարիք», - ասել է վարակաբանը:

ԱՆ փոխնախարար Վահան Պողոսյանը հիշեցրել է, որ վարակվածներից շատերը Քաջարանի պղնձա–մոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն են ու բժշկական ապահովագրություն ունեն: Բայց ամեն դեպքում, անկախ ապահովագրության առկայությունից կամ բացակայությունից, բուժումը վարակվածների համար անվճար է լինելու:

«Ապահովագրված են, թե ապահովագրված չեն՝ դա նշանակություն չունի: Առողջապահության նախարարությունը հետամուտ է լինելու, որպեսզի նրանց բուժումը կազմակերպվի համապատասխան ձեւով, եւ նրանց առողջական խնդիրները լուծվելու են: Նախարարը անձամբ զբաղվելու է դրանով», - նշել է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ խոսքը գնում է հիվանդության քրոնիկ ընթացքի մասին, քանի որ սուր հեպատիտ Ց-ն բուժվում է պետպատվերի շրջանակներում, իսկ քրոնիկ հեպատիտի բուժումը բավական դժվար է եւ ծախսատար, եւ պետպատվերի մեջ այն չի մտնում:

Արա Ասոյանը պատմել է նաեւ, որ 2014 թվականի ընթացքում Քաջարանի բժշկական կենտրոնում 191 քաղաքացի է վիրահատվել; նրանց արյունը, ինչպես նաեւ արյան կամ վիրաբուժական գործիքների հետ գործ ունեցող բուժաշխատողների արյունը բերվել է Երեւան: Այստեղ բարդ ՊՑՌ հետազոտություն է անցկացվելու, որի ընթացքում հայտնաբերվելու է վիրուսի առկայությունը: Սակայն որոշ դեպքերում վիրուսի առկայությունը դեռ չի նշանակում, որ պացիենտը հիվանդ է: Վարակվածների համար այլ հետազոտություններ էլ են կատարվելու, եւ տվյալները նրանց առողջական վիճակի հետ են համադրվելու: Միայն այդ ժամանակ պարզ կլինի, թե ով ունի բուժման կարիք, իսկ ով՝ ոչ:

Վարակաբանը նշել է նաեւ, որ փորձը ցույց է տալիս, որ այն մարդկանց մոտ, ում մոտ սուր վիճակը շատ բուռն է ընդանում, վիրուսը հետագայում իքնաբերաբար վերանում է օրգանիզմից եւ քրոնիկ չի դառնում: Այդպիսի հիվանդները հետագա բուժման կարիք ընդհանրապես չեն ունենա: