• Latest news

Լապարոսկոպիկ բարիատրիա՝ վիրահատություն առողջական ցուցումներով «Մալաթիա» ԲԿ–ում

3 փետրվարի, 2015  15:37

«Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում արդեն մի քանի տարի է, ինչ ավելորդ քաշից ազատվելու համար բարիատրիկ վիրահատություններ են կատարվում, ընդ որում՝ ստամոքսի հատվածի հեռացման լապարոսկոպիկ մեթոդ է կիրառվում։

Ինչպես պարզաբանել է բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Վարդան Ռաֆաիլի Բորոզանը, այդպիսի վիրահատությունները կատարվում են ոչ այնքան կոսմետիկ, որքան առողջական նպատակներով կյանքի որակը բարելավելու համար, քանի որ դրանք ցուցված են մորբիդ ճարպակալման դեպքում, որն առողջության համար լուրջ սպառնալիք է ներկայացնում։

Նրա խոսքով լապարոսկոպիկ մեթոդով է իրականացվում այսպես կոչված թեւքային գաստրէկտոմիան (sleeve gastrectomy) կամ  ստամոքսի ռեզեկցիան, երբ ստամոքսի մեծ մասը հեռացվում է, եւ այդ հողի վրա հիվանդներն սկսում են նիհարել։

«Այդ հիվանդների ճիշտ պահվածքի դեպքում 1.5-2 տարվա ընթացքում նրանք կորցնում են ավելորդ քաշի մոտ 80%-ը»,-ասել է նա։

Քաշի նվազման ոչ վիրահատական մեթոդներ էլ են կիրառվում, մասնավորապես գաստրոսկոպի օգտագործմամբ ստամոքսային փուչիկներ են տեղադրում։ Բորոզանի խոսքով այդ մեթոդը թե´ առավելություններ, թե´ թերություններ ունի։ Առավելությունն  այն է, որ այն ամեն դեպքում վիրահատություն չէ, իսկ թերությունն այն է, որ ստամոքսի չափսերը միայն ժամանակավոր են փոքրանում, եւ փուչիկը հեռացնելուց հետո «կարգազանց» շատ հիվանդներ կրկին սկսում են անկառավարելիորեն ուտել ու գիրանալ։ Ընդ որում, ըստ նրա վիճակագրության, տղամարդիկ ավելի հաճախ են այդպես վարվում, քան կանայք, քանի որ վերջիններս ավելի են փայփայում ձեռք բերած արդյունքը։

Իսկ ինչ վերաբերում է բարիատրիայում լապարոսկոպիկ մեթոդին, այն ավանդական է, ինչպես ապենդէկտոմիայի կամ էլ հոլիցեստէկտոմիայի դեպքում. հիվանդի որովայնային խոռոչում մի քանի անցք են անում, դրանց միջով մանիպուլյատորներ են անցկացնում, մասնահատում (ռեզեկցիա) է կատարվում, իսկ հետո հեռացված կտորները դուրս են բերվում նույն անցքերի միջոցով։ Բժշկի գնահատականով, այսպիսով, բավականին ատրավմատիկ եղանակով բավականին լայնածավալ վիրահատություն է կատարվում։

Վիրաբույժը նաեւ նշել է, որ վիրահատություն կատարելուց հետո ինքը դեռ երկար ժամանակ հսկում է իր հիվանդներին, հետեւում է նրանց սնվելու ռեժիմին, քանի որ նույնիսկ կտրված ստամոքսով առանց որոշակի սահմանափակումների չի կարելի ցանկալի արդյունքի հասնել։

Ավելին, նրա խոսքով սահմանափակումները գործում են նաեւ նիհարելու համար կոսմետիկ պլաստիկ վիրահատությունների, մասնավորապես, լիպոսակցիայի կամ էլ աբդոմինոպլաստիկայի դեպքերում։

Բարիատրիայի համար ցուցումն այնպիսի ճարպակալումն է, երբ մարմնի զանգվածի ցուցիչը գերազանցում է 40-ի սահմանը. 30-40 ցուցիչով մարմնի զանգվածի դեպքում ստամոքսային փուչիկի տեղադրում է խորհուրդ տրվում։

Վիրահատվելուց առաջ հիվանդները մանրամասն ստուգում են անցնում, քանի որ այդպիսի հիվանդների մոտ շաքարախտի առաջացման հավանականությունը մեծ է։ Բորոզանը նշել է, որ խորացած շաքարախտի դեպքում վիրահատություն կատարել չի կարելի, իսկ եթե այն հիվանդի մոտ նոր է սկսվել, վիրահատությունից հետո շաքարախտը կարող է լիովին բուժվել։

Լապարոսկոպիկ մեթոդի կիրառմամբ  կլինիկայում նաեւ գինեկոլոգիական վիրահատություններ են կատարվում՝ հեռացվում են կիստաները, կպումները, արտարգանդային հղիությունը, ինչպես նաեւ կույրաղիքը, ճողվածքները, լեղապարկը եւ լյարդի էխինոկոկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ