Կրծքագեղձի քաղցկեղը «նենգ հիվանդություն է», որը բավական երկար ժամանակ կարող է որեւէ անհանգստություն չպատճառել մարդուն եւ որեւէ ձեւ չդրսեւորվել։ Այդ պատճառով էլ շատերն այն անվանում են «անախտանիշ մարդասպան»: News.am Medicine-ի հետ զրույցում բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդեւանյանն ասաց, որ կանայք հնարավոր է՝ նկատեն, որ իրենց կրծքագեղձը պնդացել է, կոշտուկներ շոշափեն, սակայն որեւէ ուշադրություն չդարձնեն դրանց, քանի որ դրանք, հնարավոր է, իրենց որեւէ ձեւ չանհանգստացնեն եւ չցավեցնեն։ Վարդեւանյանի խոսքով՝ հենց այսպես է դրսեւորվում քաղցկեղի նենգությունը՝ այն թուլացնում է մարդու զգոնությունը, չի անհանգստացնում, չի ցավեցնում, բայց այդ ընթացքում դանդաղ զարգանում եւ տարածվում է օրգանիզմում։

 Մեր զրուցակցի խոսքով՝ ոչ բոլոր անցավ կոշտուկներն ու պնդացումներն են քաղցկեղային ուռուցքներ, ուստի հստակ ախտորոշման համար անհրաժեշտ է բուժզննում կատարել. որքան շուտ տրվի ախտորոշումը, այնքան ավելի մեծ կլինի բուժման հավանականությունը։

 Վարդեւանյանը նշեց նաեւ, որ չպետք է սպասել կոշտուկների կամ ցավի առաջացմանը, հետո միայն դիմել բժշկի։ Ցանկալի է՝ տարեկան մեկ անգամ կրծքագեղձի բուժզննում անցնել. մինչեւ 40 տարեկան կանանց խորհուրդ է տրվում ուլտրաձայանային հետազոտություն անցնել, իսկ 40-ից հետո՝ ճառագայթային՝ մամոգրաֆիա։ Նման հետազոտությունների շնորհիվ հնարավոր է հայտնաբերել նույնիսկ 3 մմ քաղցկեղային եւ նախաքաղցկեղային ուռուցքները, որոնց դեմ պայքարելը, բնականաբար, ավելի հեշտ է, քան զարգացման  2-րդ, 3-րդ փուլում գտնվող ուռուցքների դեմ։