Հայաստանում ատամնաբուժության ոլորտում դեռեւս կան որոշ խնդիրներ մատուցվող ծառայությունների որակի եւ ատամնաբուժարանների տեխնիկական հագեցվածության առումով: այս մասին Ատամնաբույժի օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր ատամնաբույժ Լազար Եսայանը:
«Դա, իհարկե, չի նշանակում, որ մեր կլինիկաներում օգտագործվում են վատ կամ հին սարքավորումներ», - վստահեցրեց բանախոսը՝ հավելելով, որ հայ ատամնաբույժներն ամեն ինչ անում են ժամանակին համընթաց քայլելու համար՝ մասնակցում են միջազգային գիտաժողովներին, ծանոթանում են բուժման նոր մեթոդներին, այնուհետ փորձում են նոր գիտելիքները կիրառել Հայաստանում:
Այդուհանդերձ, Եսայանի խոսքով, խնդիրներ երբեմն առաջանում են, եւ ոլորտի պատասխանատուները փորձում են դրանք լուծել հնարավորինս արդյունավետորեն եւ արագ:
Լազար Եսայանն ընդգծեց, որ ինքն աշխատել է Առողջապահության վերջին երեք նախարարների օրոք եւ ականատես է եղել հնարավորության սահմաններում նախաձեռնված բոլոր բարեփոխումներին եւ փոփոխություններին: Մասնավորապես, վերջին տարիներին լուծվել են փաստաթղթաշրջանառությանն առնչվող մի շարք հարցեր, հաստատվել է ատամնաբուժական մասնագիտությունների եւ մասնագիտացումների ցանկը, իսկ անցած տարի՝ ատամնաբուժական ծառայություններ մատուցող հաստատությունների լիցենզավորման նոր կարգը:
«Պետք է ասեմ, որ նոր կարգը բավական հաջողակ է, պարզ եւ ավելի հասանելի ատամնաբուժական կլինիկաների լիցենզավորման համար: Բայց, իհարկե, դա չի նշանակում, որ այն խնդիրներ է ստեղծելու որակի առումով, հակառակը՝ նոր կարգը նպաստելու է մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը»,-նշեց նա:






