2014թվականին Հայաստանում Դաունի համախտանիշով 22 երեխա է ընդունվել մանկատուն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ անցած տարի, ընդհանուր առմամբ, 140 երեխա է հայտնվել մանկատներում, որից 54-ը՝ ընդհանուր տիպի մանկատներում, 86-ը՝ մասնագիտացված: Նույն այդ ժամանակահատվածում մանկատները լքել են չափահաս դարձած145 երեխա:
Լենա Հայրապետյանն ասաց նաեւ, որ Հայաստանում այս պահի դրությամբ հաշմանսամություն ունեցող 8000 երեխա կա: Անդրադառնալով Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին՝ բանախոսը նշեց, որ նման հիվանդություն ունեցող երեխաները հատուկ խնամքի կարիք չունեն. նրանց պետք է խնամել մոտավորապես այնպես, ինչպես սահամանափակ կարողություններ ունեցող մյուս երեխաներին: Նա հավելեց, որ մեր մանկատների աշխատողներն ի վիճակի են ապահովելու այդ խնամքը եւ այդ երեխաներին հնարավորություն տալու առավելագույնս դրսեւորել իրենց կարողությունները: Բացի այդ, նրա խոսքով՝ մասնագիտացված մանկատները տեխնիկապես բավական լավ հագեցած են, եւ դրանց աշխատողները երեք անգամ ավելի բարձր են վարձատրվում, քան սովորական մանկատների աշխատակիցները:
Որոշ մասնագետներ համարում են, որ ավելի ճիշտ կլինի՝ Դաունի համախտանիշ ունեցող երեխաները մեծանան մանկատներում՝ նման այլ երեխաների շրջապատում, ոմանք էլ վստահ են, որ նրանք պետք է մեծանան ընտանիքում, որտեղ նրանց ավելի շատ ուշադրություն, խնամք եւ ժամանակ կհատկացվեն: Հայրապետյանի խոսքով՝ Հայստանում հազվադեպ են ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին մանկատուն հանձնում, իսկ ահա մտավոր խնդիրներ կամ միաժամանակ եւ՛ մտավոր, եւ՛ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին՝ բավական հաճախ:






