Գյումրիի 2-րդ հանրակացարանում բնակվող երեխաների մոտ, ում հիվանդության մասին երեկ՝ հունվարի 14-ին, տեղեկություն էր տարածել «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը, պիոդերմիա կոչվող մաշկային հիվանդությունն է։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փորձագետ Լիանա Թորոսյանը։

Ըստ մասնագետի, հիվանդությունն ախտորոշվել է չորս երեխայի եւ երկու կնոջ մոտ. նրանք բոլորը ապրում են մեկ բնակարանում՝ տատիկ, տալ ու հարս եւ 11 երեխա։

Ըստ Լ. Թորոսյանի, հիվանդները վերցված են հսկողության, նրանց բուժում է նշանակել մարզի մաշկաբանը, բոլոր համապատասխան կառույցները տեղեկացված են այս ընտանիքի մասին, այդ թվում նաեւ Շիրակի մարզպետարանը։

Փորձագետը եւս մեկ անգամ ընդգծեց, որ ընտանիքն ապրում է ծայրահեղ սոցիալական պայմաններում, հանրակացարանում ապահովված չեն անգամ նվազագույն կենցաղային պայմանները՝ ջրամատակարարում, կոյուղի եւ այլն։ Հիվանդությունը, ըստ նրա, վարակիչ չէ, եւ ամենայն հավանականությամբ, պայմանավորված է հենց հակասանիտարական վիճակով։

Լ.Թորոսյանը նկատեց, որ իրենց կառույցը լիազորված չէ լուծելու մարդկանց սոցիալական պայմանների հարցը, բայց պարտավոր է հաղորդել անթույլատրելի պայմանների մասին պատկան մարմիններին։

Հիշեցնենք, որ երեկ «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը հաղորդել էր, որ Գյումրիի տեքստիլ գործարանին պատկանող հանրակացարանի բնակիչները տառապում են ինչ-որ անհայտ հիվանդությամբ։ NEWS.am Medicine-ին նա հայտնել էր, որ այդ հանրակացարանը ինքն այցելել էր օգնություն ցուցաբերելու նպատակով, եւ սարսափած էր մարդկանց բնակության պայմաններից։

Մեր զանգից հետո հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը այցելել էր հանրակացարան։ Երեկ Լիանա Թորոսյանը մեզ հայտնել էր, որ հիվանդության ախտանշաններ հայտնաբերվել են երկու երեխայի մոտ։

Գյումրիի հանրակացարանում երկու երեխայի մոտ հայտնաբերվել են մաշկային հիվանդության ախտանշաններ