2015 թ հունվարին եւ փետրվարին 270 մարդ է մասնակցել միոկարդի սուր կաթվածի դեպքում անվճար ստենտավորման պետական ծրագրին: Այս մասին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:
Նրա խոսքով՝ 255 մարդուն պետական բյուջեի հաշվին է ստենտավորում իրականացվել, 15 մարդու դեպքում իրականացվել է կորոնարոգրաֆա առանց ստենտավորման (այս կամ այն պատճառով): Ծրագրի մասնակից 151 մարդ մայրաքաղաքի բնակիչ է, մնացած 119 մարզերից են: 116 մարդ ծրագրին մասնակցել է հունվարին, 154-ը՝ փետրվարին:
Սարո Ծատուրյանը նշեց նաեւ, որ ծրագրի մասնակիցների միջին տարիքը 63 տարեկանն է: Հիվանդներից 7-ը 40 տարեկանից երիտասարդ են եղել, 24-ի տարիքը կազմել է 40-49 տարեկան, 74 –ի՝ 50-59, 94-ի՝ 60-69, 52-ի՝70-79 եւ 16-ի՝ 80-ից բարձր:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործում է նոր պետական ծրագիր, որի շրջանակներում միոկարդի սուր կաթվածի դեպքում անոթների ստենտավորման վիրահատությունները իրականացվում են անվճար՝ պետպատվերով:
Նախկինում ստենտավորումը իրակացվում էր անվճար միայն որոշակի խմբի մարդկանց դեպքում, իսկ մնացածները վճարում էին բավականին թանկարժեք այս վիրահատության համար: Այս մոտեցումը, մի շարք մասնագետների կարծիքով, թերություններ ուներ: Մասնավորապես՝ բժիշկները ստիպված պետք է բանակցեին հիվանդի բարեկամների հետ՝ հասկանալու համար, պատրաստ են արդյոք նրանք վճարել ստենտավորման դիմաց: Նմանօրինակ բանակցությունները ոչ միայն տհաճ են ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների բարեկամների համար, այլ նաեւ վատնում են այն թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարելի է հիվանդին օգնություն ցուցաբերել: Այժմ այս խնդիրը մասնակի լուծվել է նոր ծրագրի շնորհիվ: Միոկարդի սուր կաթվածի դեպքում, երբ վտանգվում է հիվանդի կյանքը, ստենտավորման դիմաց վճարում են պեբյուջեից: Ծրագրի համար տարեկան 500 միլիոն դրամ է նախատեսված:






