Դպրոցական արձակուրդները երկարաձգել են երկրում գրիպի եւ սուր շնչառական վարակների ակտիվացման պատճառով: Այս մասին NEWS.am Medicine-ին է հայտնել ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Արձակուրդները երկարացնելու առաջարկը, մասնագետի խոսքով, պատկանում է Աողջապահության նախարարությանը:  Արձակուրդների հավելյալ մեկ շաբաթը հնարավորություն կընձեռի խուսափել գրիպի եւ ՍՇՎ առաջացրած բարդություններից եւ հետագա տարածումից, քանի որ հենց դպրոցներում է այս հիվանդությունների տարածման հավանականությունը շատ բարձր:

«Քանի որ գրիպն ու ՍՇ վարակները փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով, իսկ փակ տարածքները նպաստելու են դպրոցականների շրջանում հիվանդացության աճին, Առողջապահության նախարարությունը դիմել է Կրթության եւ գիտության նախարարությանը՝ գարնանային արձակուրդները եւս մեկ շաբաթով երկարաձգելու առաջարկով», - նշում է Լիանա Թորոսյանը:

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ մոնիտորինգի տվյալներով՝ նշված հիվանդությունները վերջերս ակտիվացել են անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչին, ամենայն հավանականությամբ նպաստել է նաեւ վերջին օրերի ջերմաստիճանի անկումը:

Ընդհանուր առմամբ, Լիանա Թորոսյանի խոսքով, գրիպի եւ ՍՇ վարակների սեզոնը շարունակվելու է մինչեւ ապրիլի վերջ: Այդ պատճառով մասնագետը խորհուրդ է տալիս ուշադիր լինել: Եթե հիվանդացել եք, աշխատանքի մի գնացեք, իսկ եթե ախտանշանները չեն անցնում մեկ-երկու օրվա ընթացքում, դիմեք գրանցման վայրի պոլիկլինիկա՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար: