Անցած 10 տարվա ընթացքում տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշները մեր երկրում բարելավվել են։ Այս մասին Այս մասին այսօր, մարտի 24–ին, Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» ՊՈԱԿ տնօրեն Արմեն Հայրապետյանը։
Նա նշեց, որ անցած 10 տարվա ընթացքում հիվանդացության մակարդակը նվազել է գրեթե կիսով չափ, իսկ մահացության ցուցանիշը` երեք անգամ: 2014 թվականին տուբերկուլոզի հիվանդացության մակարդակը Հայաստանում յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով կազմել է 34,7, մահացության ցուցանիշը` յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով` 1,6: Արձանագրվել է նաեւ բազմադեղակայուն տուբերկուլոզի դեպքերի նվազում։ 2014 թվականին Հայաստանում արձանագրվել դեղակայուն տուբերկուլոզի 92 նոր դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Գայանե Ղուկասյանը ներկայացրեց աշխարհում տիրող իրավիճակը։ 2013 թվականին տարածաշրջանում գրանցվել է 380 հազար տուբերկուլոզի նոր դեպք եւ 38 հազար մահ` արեւելյան եւ եվրոպական երկրներում։
«Տուբերկուլոզի բեռը հավասարաչափ չէ բաշխված։ Տարածաշրջանում նոր դեպքերի 84 տոկոսը, հիվանդացության 85 տոկոսը, բազմադեղակայուն տուբերկուլոզի գրեթե 100 տոկոսը, տուբերկուլոզ-ՄԻԱՎ համակցված վարակի 90 տոկոսը բաժին են ընկնում, այսպես կոչված, բարձր առաջնահերթության 18 երկրներում: Հայաստանը, ցավոք, մտնում է այն երկրների ցանկում, որտեղ բարձր է բազմադեղակայուն տուբերկուլոզը»,-ասաց Գայանե Ղուկասյանը:
Ներկայացնելով տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային նպատակները` նա նշեց, որ ԱՀԿ-ն եվրոպական տարածաշրջանի համար ռազմավարություն է մշակել, որով նախատեսում է այդ տարածաշրջանի երկրներում մինչեւ 2020 թվականը 35 տոկոսով նվազեցնել մահացությունը, 25 տոկոսով` նոր դեպքերի նվազեցումը եւ բազմադեղակայուն տուբերկուլոզի համար 75 տոկոս բուժման արդյունավետություն ապահովել:






