«Իմ ուղին»՝ այդպես է կոչվում այսօր՝ ապրիլի 2-ին, աուտիզմի իրազեկման օրը,  Երեւանում բացված ուսումնավերականգնողական կենտրոնը, որը նախատեսված է աուտիզմով տառապող երեխաների համար: Անունը, ինչպես նշեց իր ելույթում գիտության եւ կրթության նախարար  Արմեն Աշոտյանը, հիշելով Ֆրենկ Սինատրայի հայտնի «My Way» երգը, պատահական չէ ընտրված։ «Թող ամեն մի երեխա ունենա իր ուղին», – ասաց նա։

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ աուտիզմով տառապող երեխաների երեք մայր միավորեցին իրենց ջանքերը՝ ի հայտ եկող խնդիրներին դիմակայելու համար: Տաս տարի անց Հայաստանում գործում է «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը», ստեղծվել է աուտիզմի Ազգային հիմնադրամը, որը գլխավորում է հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, գոյություն ունի նույնիսկ աուտիզմով տառապող երեխաներին նվիրված երգ՝ «Աստծո հրեշտակները», որը մեկ տարի առաջ գրել են Ռիտա Սարգսյանն ու Ավետ Բարսեղյանը: Իսկ այսօր «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը» տեղափոխվել է նոր շենք՝ «Իմ ուղին» կենտրոն:

Բայց դա, ինչպես նշեց Ռիտա Սարգսյանը իր ելույթում, ընդամենը գործի կեսն է: Հետագայում նախատեսված է քաղաքապետարանի կողմից տրամադրված հարեւան շենքի վերանորոգումը: Այստեղ կտեղակայվեն հատուկ արհեստանոցներ «Իմ ուղին» կենտրոնի շրջանավարտների համար։

Ինչպես պատմեց լրագրողներին աուտիստ երեխայի մայր եւ Աուտիզմի ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սոնա Պետրոսյանը, այն ընտանիքները, որտեղ աուտիստ երեխաներ կան, բախվում են մի շարք խնդիրների: Այդպիսի երեխաներին հնարավոր չէ սոցիալական հմտություններ սովորեցնել, դժվարացած է նրանց կյանքը հասարուկությունում, նրանց համար գրեթե անհնար է երջանիկ կյանք ապահովել, քանի որ նրանք այնպիսի ցանկություններ եւ կարիքներ ունեն, որոնք մենք չենք կարող ընկալել: Այդպիսի ընտանիքները մեկուսացման մեջ են հայտնվում, բայց, Սոնա Պետրոսյանի խոսքով, աուտիստ երեխան «ոչ պատիժ է եւ ոչ էլ մեղք» եւ «այս խնդրից պետք չէ թաքնվել»:  «Իմ ուղին» կենտրոնի առաքելությունը այդպիսի ընտանիքներին աջակցելն է: Կենտրոնում երեխաները շփողական հատուկ թերապիա են անցնելու անհատական ծրագրերով:

Սոնա Պետրոսյաի որդին՝ Ռաֆայել Մարտիրոսյանը, կենտրոնի բացման արարողությանը շնորհակալագրեր էր հանձնում բոլոր այն մարդկանց, ովքեր  նպաստել են կենտրոնի բացմանը, իսկ այնուհետեւ դաշնամուր նվագեց ներկաների համար: ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ աուտիստ պատանու կողմից շնորհակալագրով պագեւատրվելը ինքնին մեծ ձեռքբերում է:

Գերմանիայում աուտիզմի հետ կապված խնդիրներով զբաղվող առաջին հասարակական կազմակերպության հիմնադիր Մարիա Կամինսկին երկրի առաջին տիկին Ռիտա Սարգսյանին հորդորեց Հայաստան հրավիրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը աջակցում է աուտիզմի խնդիրներին նվիրված բոլոր նախաձեռնություններին:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրանը, «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» հիմնադիր, բժիշկ Այրա Հեյվեյլը, Կենտրոնի հովանավոր՝ ՎիվաՍել– ՄՏՍ ընկերության ներկայացուցիչները։