Սուրեն Ստեփանյանը, Անի Պապյանը, Սոֆի Սարգսյանը՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերան բժիշկները, այսօր՝ ապրիլի 29-ին, պագևատրվել են մեդալներով և պատվոգրերով:

Վետերաններին նվիրված միջոցառում է անցկացվել, որը կազմակերպել է ՀՀ Առողջապահության նախարարությունը, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ն, և «Առողջապահության կազմակերպիչների միություն» հասարակական կազմակերպությունը:

Վետերաններին ողջունել են ԵՊԲՀ-ի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցիչ Իվանովը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու այլ պաշտոնատար անձինք:

Ինչպես ողջույնի իր խոսքում նշեց Միքայել Նարիմանյանը, պատերազմի տարիներին Հայաստանում ապրում էր մոտ երկու միլիոն մարդ, որոնցից 600 հազարը մասնակցել է պատերազմի: Դրանց թվում էին բազմաթիվ բժիշկներ, բուժքույրեր, ֆելդշերներ, բժշկական համալսարանի շրջանավարտներ: Իվանովն իր հերթին նշեց, որ բուժաշխատողները պատերազմի տարիներին հատուկ առաքելություն ունեին: Նրանք ոչ միայն փրկում էին զինվորների կյանքը և բուժում նրանց, այլ նաև զենքը ձեռքին պայքարում թշնամու դեմ:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վետերաններին շնորհակալություն հայտնեց և պատվոգրեր հանձնեց: Սեյրան Օհանյանյանը Սուրեն Ստեփանյանին պարգևատրեց Նելսոն Ստեփանյանի, իսկ Զոյա Շաբարինային, Անի Պապյանին և Սոֆի Սրագսյանին՝ ադմիրալ Իսակովի մեդալով:

Արա Բաբլոյանը իր ներկայացրած հ/կ-ի անունից վետերաններին նվերներ հանձնեց, իսկ Միքայել Նարիմանյանը՝ բժշկական համալսարանի ոսկե հուշամեդալներ: