Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի մեջ մեծ էր ոչ միայն սպաների ու զինվորների, այլ նաեւ բուժաշխատողների ավանդը: NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է Մեծ Հայրենականի վետերան երկու բուժքույրերի՝ Զոյա Շաբարինայի ու Սոֆյա Սարգսյանի հետ:

Զոյա Շաբարինա

Զոյա Շաբարինան, ով արդեն 89 տարեկան է, պատանեկության տարիներին վերապրել է Լենինգրադի շրջափակումը, ինչից հետո մասնակցել է պատերազմին որպես բուժքույր: Պատերազմի տարիներին նա սովետական զորքերի հետ միասին անցել է հաղթանակի գրեթե ողջ ճանապարհը՝ Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա:

«Աստված պահպանեց ինձ, իսկ տառապանքներն, իհարկե, շատ էին», - հիշում է տիկին Շաբարինան: Նա չի ցանկանում հիշողություններ պատմել պատերազմի մասին. դրա սարսափները շատ էին:  

Պատերազմից հետո նա սովորել է մանկաբուժական ինստիտուտում եւ Սակտ-Պետերբուրգի ոսկրային տուբերկուլյոզի ինստիտուտում, իսկ այնուհետեւ ամուսնացել հայի հետ եւ տեղափոխվել Երեւան, որտեղ էլ ապրել է ամուսնու հետ 52 տարի: Այստեղ նա աշխատել է օրթոպեդիայի ինստիտուտում, այստեղ տիկին Շաբարինան, գտել է իր երկրորդ հայրենիքը: Այժմ նա ունի երկու երեխա, երեք թոռ եւ նույնիսկ ծոռ:

Սոֆյա Սարգսյան

Սոֆյա Սարգսյանը, որը վերջերս 91 տարեկան է դարձել, պատերազմին մասնակցել է 1 տարի եւ երկու ամիս: Այս ընթացքում նա նույնիսկ խիզախության համար մեդալ է ստացել՝ վիրավորին փրկելու համար:

Ինչպես պատմեց տիկին Սարգսյանը NEWS.am Medicine-ին, հեռավոր 1941-ի այն օրը ջոկատը, որի հետ էր տիկին Սարգսյանը, պատրաստվում էր մեկնել Օդեսա, սակայն ռմբակոծության պատճառով վերադարձել էր անտառ: Զինվորներից մեկը ծանր վիրավորվել է, սակայն, տիկին Սարգսյանը, մոտենալով նրան եւ հասկանալով, որ զինվորը կենդանի է, արել է հնարավոր ամեն ինչ՝ նրա կյանքը փրկելու համար: Բուժքույրը արհեստական շնչառություն է արել, կագնեցրել արյունահոսությունը, այնուհետեւ հանձնել վիրավորին այլ բուժաշխատողներին, որոնք էլ նրան հոսպիտալ են տարել: Պատերազմից հետո Սոֆյա Սարգսյանը սովորել է, իսկ հետո աշխատել որպես մանկավարժ:

Հիշեցնենք, ոչ վերջերս Սուրեն Ստեփանյանը, Զոյա Շաբարինան, Անի Պապյանն ու Սոֆյա Սարգսյանը՝ Մեծ Հայրենականի բժիշկ վետերանները, պարգեւատրվել են մեդալներով ու պատվոգրերով:

Նշենք, որ Հայաստանում և ԼՂՀ-ում այսօր եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը: