Պլաստիկ վիրաբույժ Կարեն Պետրոսյանի պացիենտներից մեկը դժգոհ է վերջերս իրականացրած վիրահատության արդյունքներից եւ ետ է պահանջում գումարը՝ նոր վիրահատություն անելու եւ ցանկալի արդյունք գրանցելու համար: Խոսքը իմպլամտների օգնությամբ ոտքերի ձեւի շտկման մասին է։
Ինչպես պատմեց երիտասարդ կինը NEWS.am Medicine-ին, Կարեն Պետրոսյանին նա դիմել է ծանոթների խորհրդով, նա հիմա էլ Պետրոսյանին վատ վիրաբույժ չի համարում՝ հատկապես ռինոպլաստիկայի ոլորտում, սակայն ոտքերի ձեւի շտկման ոլորտում բժիշկը, ինչպես հետագայում հասկացավ կինը, սկսնակ է եղել: Այս ոլորտում, կնոջ պնդմամբ, Պետրոսյանը փորձ չի ունեցել, իսկ ինքն էլ դարձել է բժշկի համար փորձարարական նմուշ:
Ինչպես պատմեց կինը, վիրահատությունն իրականացվել է մեկ տարի առաջ եւ երկար ժամանակ բժիշկը պնդում էր, որ առայժմ ոտքերն այտուցված են իրենց վերջնական տեսքը դեռեւս չի ձեւավորվել: Սակայն այլ մասնագետներ, որոնց կինը դիմել է ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում ու Գերմանիայում, բացատրել են, որ սխալ իմպլատ է տեղադրված եւ բացի այդ, այն ճիշտ տեղում չէ տեղադրված: Կնոջ խոսքով՝ Կարեն Պետրոսյանը պնդում էր, որ դրանք ամենանուրբ իմպլանտանտներն են, այնինչ պարզվեց, որ կան ավելի բարակ իմպլանտներ: Բացի այդ՝ կինը բացահայտել է, որ բժիշկն իսկական գնից շատ ավելի թանկ գնով է վաճառել իրեն այս իմպլանտները:
Երբ կինը ի վերջո դիմել է այս պահանջներով Կարեն Պետրոսյանին, վերջինս, նրախոսքով, շատ կոպիտ է գտնվել՝ հայտարարելով, որ ոչ մի երաշխիք չկա, որ եթե նա երկրորդ անգամ վիրահատություն անցկացնի, կինը կրկին դժգոհ չի մնա եւ այդպես շարունակ: Այս վերաբերմունքից հետո կինն այլեւս չի ցանկանում վիրահատվել Պետրոսյանի մոտ՝ չնայած նրան, որ վերջինս առաջարկում է հեռացնել տեղադրված իմպլանտները եւ փորձել շտկել իրավիճակը: Նա գումարն է ետ պահանջում եւ պատրաստվում է վիրահատվել այլ բժշկի մոտ, որի անունը չի ուզում ասել:
Դժգոհ պացիենտը պատմեց նաեւ, որ ոչ բժշկի հետ, ոչ էլ այն կլինիկայի, որտեղ Պետրոսյանն աշխատում էր (Առաջին համալսարանական հիվանդանոց), ոչ մի պայմանագիր չի ստորագրել, իսկ գումարն առձեռն փոխանցել է բժշկին: Այդ պատճառով բժշկի այն հակափաստարկները, որ գումարը մուտքագրվել է կլինիկայի հաշվապահություն եւ կինն էլ պետք է հենց հաշվապահությունից դրանք ետ պահանջի, դժգոհ պացիենտն անընդունելի է համարում:






