Արմավիրի մարզի Նորապատ գյուղից ծայրահեղ ծանր վիճակով 5-ամյա տղա է տեղափոխվել «Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոն: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց կլինիկայի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, այս դեպքը ոչ մի կապ չունի Ջրաշենի 3-ամյա աղջկա մահվան դեպքի հետ եւ որեւէ բռնկման պատճառ հանդիսանալ չի կարող։

Տնօրենի փոխանցմամբ՝ երեխան ի ծնե «վատ ֆոն» ուներ․ ծնվելուց անմիջապես հետո նա երկար ժամանակ նորածնային վերակենդանացման բաժնում էր պառկել, հետո մի շարք ինֆեկցիաներ, բրոնխիտներ եւ թոքաբորբեր էր ունեցել եւ տարբեր հիվանդանոցներում պառկել։

Այժմ էլ երեխայի մոտ ախտորոշվել է վիրուսային ինֆեկցիա։ Նա ցնցումներ է ունեցել, իսկ հիպօքսիայի (թթվածնային քաղցի) եւ օրգանիզմի ինտոքսիկացիայի պատճառով ուղեղի ծանր ախտահարում է ստացել։

Հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեխան նախորդ օրը բարձր ջերմություն է ունեցել, առավոտյան, երբ չի ջերմել, տարել են մանկապարտեզ, սակայն կեսօրին արդեն նորից ջերմություն է ունեցել, եւ նրան տարել են Արմավիրի մարզի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխել են «Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոն:

«Բուժում են սկսել, ցնցվել է, տարել են ռեանիմացիա, նորից է ցնցվել, շնչառության կանգ է տվել, ուղեղի ուժեղ այտուց կա, դիմել են մեզ, բժիշկը գնացել է, գիշերը տեղափոխել են մեր մոտ, ես եւ պարոն Դալլաքյանը մինչեւ ուշ գիշեր այստեղ էինք: Երեխան ծնվել է փոքր քաշով, վեց անգամ բրոնխիտ է տարել, անընդհատ հիվանդանոցներում է պառկել, շատ հիվանդացած երեխա է, ուշ է քայլել, խոսել», - ասաց Աննա Չոբանյանը:

Այս պահին երեխան արհեստական շնչառության ապարատի վրա է, եւ նրա վիճակը շարունակում է կրիտիկան մնալ։