Հայաստանի սահմանամերձ համայնքներում բացվել է երկու նորակառույց ամբուլատորիա

9 հուլիսի, 2015  11:35

Սահմանամերձ Ոսկեվան և Բագրատաշեն համայնքների բնակչությունն այուսհետև առողջության առաջնային պահպանման օղակում բուժօգնություն կստանա նորակառույց կենտրոններում:

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում կառուցված ամբուլատորիաների բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրեցին առողջապահության նախարարության մամլո ծառայությունից։

«2014 թվականի հունիսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեր մանկապարտեզ այցելության ժամանակ   հանձնարարական տվեց, որ գյուղում կառուցվի նաև ամբուլատորիա և  համայնքային կենտրոն: Նույն օրը ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետները  ներկայացան համայնք:  Մեկ տարին չլրացած` մայիսին ստորագրվեց շենքի կառուցման ավարտական ակտը»,-ասաց Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը` համայնքի բնակչության անունից շնորհակալություն հայտնելով երկրի ղեկավարին, ՀՀ կառարավարությանը և առողջապահության նախարարությանը սահմանամերձ համայնքին աջակցելու և կարևոր բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար:

Բուժանձնակազմի հետ զրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց, թե ինչպես է իրականացվում Իմունականխարգելման ազգային ծրագիրը, պատվաստումների որքան ծածկույթ է ապահովվում, բնակչությանն ինչպես են հասցվում անվճար հատկացվող դեղերը: 

Նա անդրադարձավ նաև 2015թ. մեկնարկած նոր ծրագրերին, մասնավորապես` սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննությանը, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2015 թվականի սկզբից իրականցվող սկրինինգային ծրագրերին` կարևորելով դրանց արդյունավետ իրականացումը մարզերում:

  Առողջապահության նախարարը վստահեցրեց, որ քայլեր են իրականացվում սահմանամերձ համայնքներում բուժօգնությունը որակյալ և հասանելի դարձնելու ուղղությամբ, ինչը կնպաստի մարզերում առողջապահական համակարգի զարգացմանը և բնակչության շրջանում վստահության ձևավորմանը:

Ամբուլատորիաներն ընդգրկվել են «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր – 2» հավելյալ  ֆինանասավորման վարկային ծրագրում: Ոսկեվանի առողջության առաջնային պահպանման կենտրոնը (ԱԱՊԿ)  սպասարկում է Ոսկեվան, Բաղանիս և Ոսկեպար համայնքների շուրջ 2700 ազգաբնակչության: 2006թ. Ոսկեվանի ԱԱՊԿ-ն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով և համակարգչային սարքավորումներով` ընդհանուր առմամբ շուրջ 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Ինչպես նաև ծրագրի շրջանակում ԱԱՊԿ-ի մեկ բժիշկ և մեկ բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր: ԱԱՊԿ-ն նախկինում տեղակայված էր չգործող  մանկապարտեզի  վթարային շենքում, զբաղեցնում էր մոտ 90 մ2 տարածք (5 սենյակ): ԱԱՊԿ-ի շենքը չուներ ջրամատակարարման, կոյուղու և ջեռուցման համակարգեր: 2006թ. ընթացքում ԱԱՊԿ-ում  համայնքի աջակցությամբ կատարվել էին կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ:

2007-2008թթ. Լոս Անջելեսի բժիշկների միության  աջակցությամբ սկսվել էին Ոսկեվանի ԱԱՊԿ-ի նոր շենքի կառուցման աշխատանքները, որոնք 2011թվականից դադարեցվել էին:  Վերանորոգման աշխատանքներ կատարելը  աննպատակահարմար էր, ուստի որոշվեց հատկացված տարածքում կառուցել ԱԱՊԿ-ի  նոր շենք:  Նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել էին 2014թ. նոյեմբերին: Ընդհանուր առմամբ, Ոսկեվան համայնքում ներդրվել է շուրջ 57,3 մլն  ՀՀ դրամ:  Բագրատաշենի ԱԱՊԿ-ն սպասարկում է Բագրատաշեն, Դեղձավան, Պտղավան, Դեբետավան  համայնքների շուրջ 4635 ազգաբնակչության:  2006թ. Բագրատաշենի ԱԱՊԿ-ն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով և համակարգչային սարքավորումներով` ընդհանուր առմամբ 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Ծրագրի շրջանակում ԱԱՊԿ-ի  երկու բժիշկ և չորս բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:

ԱԱՊԿ-ի նախկին շենքը կառուցվել էր 1946 թվականին և զբաղեցնում էր շուրջ 500 մ2: Շենքը գտնվում էր ոչ բարվոք վիճակում: Շենքի ծածկը փայտյա էր, տանիքը գտնվում էր քայքայված վիճակում:

Տվյալ տարածքում վերանորոգման աշխատանքներ կատարելը  աննպատակահարմար էր, ուստի որոշվել էր հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք:

Նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել են  2014  թվականի ապրիլին: Ընդհանուր առմամբ, Բագրատաշեն համայնքում ներդրվել է շուրջ 53.3 մլն ՀՀ դրամ:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից ամբուլատորիաներին փոխանցվեցին մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր և բժշկական պարագաներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի