ՀՀ Թալին քաղաքում զանգվածային թունավորումների պատճառը դժվար թե սննդամթերքն է։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։
«Արտաշատում աղիքային ինֆեկցիայի պատճառը ակնհայտ սննդամթերքն է, որը կերել էին երեխաները, բայց նույնը չենք կարող ասել Թալինի մասին։ Չեմ կարծում, որ պատճառն ուտելիքն է»,- նշել է մասնագետը։
Հիշեցնենք, որ այս պահին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 17 երեխա, որոնք հոսպիտալացվել են թունավորման ախտանիշներով: Նշենք, որ երեխաները տարբեր համայնքների բնակիչներ են եւ տարբեր տեղերում են սնվում։ Դա հիմք է տալիս կասկածելու, որ թունավորման պատճառը կարող է լինել ջուրը։ Արա Ասոյանը, սակայն, այդ վարկածը չի մեկնաբանել՝ նշելով, որ ինքը բժիշկ է, եւ իր գործը հիվանդներին բուժելն է։ Իսկ թունավորումների եւ աղիքային ինֆեկցիայի պատճառը պարզելը համապատասխան մասնագետների գործն է։
Ասոյանի խոսքով՝ երեկ ամբողջ օրը նա անց է կացրել Թալինում թունավորված երեխաների հետ, իսկ նախքան այդ եղել է Արտաշատում, որտեղ Բաղրամյան գյուղից 46 աշակերտ էր հոսպիտալացվել։
Արտաշատում երեխաների մեծ մասին արդեն դուրս են գրել։ Ինչ վերաբերվում է Թալինի հիվանդանոցում գտնվող երեխաներին, ապա կլինիկայի ղեկավարի խոսքով՝ նրանց կսկսեն դուրս գրել վաղվանից։






