Հայաստանում 2015թ. գրանցված զանգվածային թունավորումները պետական կառույցների վատ աշխատանքի հետեւանք են։ Նման կարծիք է հայտնել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով՝ չի կարելի բոլոր խնդիրները բարդել կեղտոտ ձեռքերի եւ տնտեսվարողների անբարեխղճության վրա։ Այո, անբարեխիղճ ձեռներեցներ շատ կան, բայց չէ՞ որ որոշ պետական կառույցների աշխատակիցներ աշխատավարձ են ստանում այն բանի համար, որ ժամանակին գտնեն այդ ձեռներեցներին եւ կանխեն խնդիրները, որոնք կարող են առաջանալ նրանց պատճառով։

Կա 3 պետական կառույց, որոնք զանգվածային թունավորումների մեջ իրենց մեղքի բաժինն ունեն։ Կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկի Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը եւ Առողջապահության նախարարության առողջապահության պետական տեսչությունը, որոնք պարտավոր են ստուգել սննդամթերքն ու ջուրը։ Սակայն նրանք, դրա փոխարեն, դեպքի վայր են գնում արդեն այն բանից հետո, երբ թունավորումը եղել է, ինչ-որ հայտարարություններ են անում եւ բուռն գործունեության տեսլական ստեղծում։

Իրականում այն բանից հետո, երբ զանգվածային թունավորումն արդեն եղել է, այդ երկու կառույցներն այլեւս անելիք չունեն։ Հարթակ պիտի դուրս գա երրորդ կառույցը՝ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնը, որի մասնագետները պետք է տեղայնացնեն ինֆեկցիան եւ կանխեն դրա տարածումը։ Այդ կենտրոնը միակ կառույցն է, որը նորմալ է աշխատում Հայաստանում, իրոք ժամանում է դեպքի վայր, հետաքննում է արդեն առկա խնդիրները եւ կանխում դրանց տարածումը։

Բաբկեն Պիպոյանը նաեւ նշեց, որ հասարակական սեկտորը մի շարք հարցերով դիմել է վերոնշյալ պետական կառույցներին՝ նպատակ ունենալով պարզել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել թունավորումները կանխելու համար, ինչ քայլեր են ձեռնարկվելու եւ այլն։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հարցմանը պատասխանել է 21 օր անց։ Նրանց նամակում ընդամենը մի քանի տող է եղել, որոնցում չի եղել նշված հարցերի ոչ մի պատասխան եւ առհասարակ որեւէ ադեկվատ տեղեկություն։

Նույն նամակը նույն հարցերով ուղարկել են Առողջապահության նախարարություն։ Այնտեղից ավելի պրոֆեսիոնալ պատասխան էր ստացվել։ Մի քանի տասնյակ էջանոց նամակին կցված էին փաստաթղթեր եւ վիճակագրական տվյալներ։ Այո, նախարարությունը փորձել էր շրջանցել Առողջապահական տեսչության հնարավոր սխալներին վերաբերող հարցերը, բայց փաստը մնում է փաստ, որ նրանք առնվազն լուրջ են մոտեցել հարցին եւ փորձել են հնարավորինս պարզ եւ լիարժեք պատասխան տալ։