• Latest news

Տասնյակ երեւանցիներ դարձել են պոտենցիալ դոնոր. Երեւանում նշում են Ոսկրածուծի դոնորի համաշխարհային օրը (ֆոտո)

19 սեպտեմբերի, 2015  21:55

Լիանան՝ անցնելով Գաֆեսճյան արվեստների կենտրոնի քանդակների պուրակով նկատել է Հայաստանի դրոշի գույներով շապիկներ հագած դպրոցականների եւ մեծահասակների: Մոտենալով նա ճշտել է, որ այդտեղ կազմակերպվել է Ոսկրածուծի դոնորների Համաշխարհային օրվան նվիրված Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համատեղ միջոցառումը։

Միջոցառման շրջանակներում բոլոր ցանկացողները կարող էին համալրել ռեեստրը եւ դառնալ ոսկրածուծի ցողունային բջիջների պոտենցիալ դոնոր: Դրա համար նրանք պետք է ընդամենը  բերանից քսուք հանձնեին: Լիանան միանգամից շտապեց սեղաններից մեկի մոտ: Նա քաջ գիտակցում էր, որ իր ցողունային բջիջները կարող են երբեք էլ ոչ մեկին չօգնել, բայց բացառված չէ նաեւ, որ երբեւէ դրանք կարող են փրկել արյան քաղցկեղով հիվանդ երեխային մահվան ճիրաններից:

«Ես հասկացա, որ մի անգամ մի քիչ արյուն հանձնելով, կարող եմ փրկել որեւէ մարդու կամ նույնիսկ երեխայի կյանքը: Ինչու՞ դա չանել, եթե դա ինձանից ոչինչ չի խլում»,-ասել է Լիանան NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, ռեեստրում գրանցվելուց հետո։

Լիանայի նման տասնյակ երեւանցիներ նույնպես ցանկություն են հայտնել դառնալ պոտենցիալ դոնոր:

 «Մեր գլխավոր նպատակն է դոնորության մասին տեղեկությունը տարածել եւ որքան հնարավոր է շատ մարդկանց պոտենցիալ դոնորներ դառնալու կոչ անել,- ասել է ոսկրածուծի դոնորների Հայկական ռեեստրի ղեկավար Սեւակ Ավագյանը եւ ավելացրել.– Ցանկացած դոնոր՝ լեյկեմեյայով եւ արյան մյուս հիվանդություններով տառապող մարդկանց բուժվելու շանս է»:

Դոնորության մասին հանրությանը իրազեկելու նպատակով միջոցառմանը ներկա էին նաեւ շոու բիզնեսի մի շարք աստղեր եւ այլ հայտնի մարդիկ, որոնց թվում էին դաշնակահար Տիգրան Համասյանը, ռոք–երգիչ Գոռ Սուջյանը, բժիշկ Վահե Տեր-Մինասյանը, շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, երգահան Արթուր Իսպիրյանը,  դիջեյ Վակցինան, երգչուհիներ Արմինկան, Ալլա Լեւոնյանը եւ շատ ուրիշներ:

Երգչուհի Ալլա Լեւոնյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Ես այստեղ եմ, որովհետեւ այսպիսի հարցերում մենք բոլորս պետք է միասնական լինենք»: Նա նաեւ ավելացրել է, որ մոտ ապագայում պատրաստվում է գրանցվել ռեեստրում եւ դառնալ պոտենցիալ դոնոր:

11-րդ դասարանի աշակերտ, Լեռնագոգ գյուղի բնակիչ Ժենյա Ղազարյանը նույնպես իր դասարանցիների հետ եկել էր միջոցառմանը: Նրանք լավ հասկանում են միջոցառման նպատակը եւ փորձում են օգնել հնարավորինս շատ պոտենցիալ դոնորներ ներգրավելու հարցում: Ինքը՝ Ժենյան նույնպես ցանկացել է դառնալ պոտենցիալ դոնոր եւ նույնիսկ հայտ է լրացրել, բայց ավաղ նա պետք է սպասի մինչեւ 18 տարին լրանալը, որպեսզի միանա ռեեստրին:

Իհարկե, միջոցառումը չէր կարող անցնել առանց այն մարդկանց, ովքեր կարող են այս օրը համարել իրենց տոնը: Վահե Վարդանյանը եւ Վարդուհի Շահինյանը մի քանի տարի առաջ դարձել էին իտալացի եւ հույն հիվանդ աղջիկների դոնորներ եւ ի շնորհիվ նրանց ցողունային բջիջների այդ աղջիկները այժմ ողջ եւ առողջ են: Միջոցառման ժամանակ նրանք իրենց փորձով կիսվեցին մասնագիցների հետ եւ կոչ արեցին դոնորությունից չվախենալ. «ոսկրածուծի դոնոր» միայն ասելիս է վախենալու հնչում, իրականում պետք է ընդամենը արյուն հանձնել, որից մասնագետները կանջատեն ցողունային բջիջները եւ կփոխպատվաստեն քաղցկեղով հիվանդին:

«Նվիրաբերել կարելի է ոչ միայն այն, ինչ նյութական է, ոչ միայն փող: Սա ոչ նյութական նվիրատվության օրինակ է»,- նշել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր եւ Տնօրենների խորհրդի ատենապետ դոկտոր Կարո Արմենը, ավելացնելով, որ երկու օր առաջ Հիմնադրամն ու Ռեեստրը ակցիաներ են կազմակերպել մի շարք հայկական համայնքներում եւ կարողացել են երկու հարյուրից ավելի նոր պոտենցիալ դոնորներ ներգրավել:

Միջոցառման ժամանակ ցուցադրկան եույթներ են ունցեցել Street Workout Federation-ի սաները, եղել են նաեւ պարեր: Դպրոցականներին եւ հյուրերին, որոնք քոչարի էին պարում, միացել է Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

Քիչ անց պարողներին միացան նաեւ արտասահմանից ժամանած հյուրերը, որոնց գրավել էին հայկական մեղեդիները եւ հավաքվածների բարձր տրամադրությունը:

Հիշեցնենք, որ աշխարհում ոսկրածուծի 25 միլիոն դոնոր կա, որոնցից 27000-ը՝ հայկական ռեեստրում: Դրանց 65 տոկոսը Հայատսանից են, մնացածը այլ երկրներից են, որտեղ հայկական համայնքներ կան:

Նշենք, որ NEWS.am Medicine-ը հանդես է եկել որպես միջոցառման մեդիագործընկեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է