Այսօր մեր ախտորոշիչ հզորությունը եռակի աճել է, հայտարարեց Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Ռադիոլոգիայի կենտրոնում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքի բացման ժամանակ: Նա պարզաբանեց, որ նոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը, որը կենտրոնին տրամադրել են Լեւոն ու Կլոտիա Նազարյանները, 1.5 տեսլա հզորություն ունի, մինչդեռ կենտրոնում ավելի վաղ տեղադրված տոմոգրաֆների հզորությունը 0.5 տեսլա է:
Նա պատմեց, որ Երեւանի բժշկական համալսարանի, ԱՄՆ Ջեֆերսոնի համալսարանի եւ Համահայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) համագործակցությունը սկսվել է 2000 թ.: Հետո՝ 2010թ. նրանց աջակցությամբ բացվել է Ռադիոլոգիայի կենտրոնը, որտեղ այսօր տեղադրվել է նոր հզոր ՄՌՏ-ն: Այն նվիրել է Նազարյանների ընտանիքը, որի անունով էլ հենց կոչվել է «Հերացի» համալիրի Ռադիոլոգիայի կոնտրոնը:
«Նոր տոմոգրաֆը թույլ կտա ավելի վաղ փուլերում հայտնաբերել էնդովասկուլյար հիվանդությունները: Այն փոփոխությունները, որոնք կարող են կաթվածի կամ ինֆարկտի պատճառ դառնալ, մենք կարող ենք դիտարկել որպես ցուցում ՝ էնդովասկուլյար ինվազիվ միջամտության համար: Դրանով իսկ մենք շատ կարեւոր մասնագիտական պարտավորություն ենք ստանձնում . ինվազիվ գործողությունները էքստրեմալ իրավիճակից փոխադրում ենք կանխարգելիչ, պրեվենտիվ բժշկության դաշտ»,- ասաց նա:
Հայաստանի Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր ելույթում նշեց սփյուռքահայ բժիշկների մեծ ավանդը Հայաստանի առողջապահության զարգացման գործում, մասնավորապես նրանց օգնությունը ռադիոլոգիական ախտորոշիչ սարքավորումներ ձեռք բերելու հարցում, որոնք այսօրվա ախտորոշման ծանր հրետանին են:
«Այսօր աշխարհն ընթանում է կանխարգելիչ այլ ոչ թե վերականգնողական բժշկության զարգացման ուղով: Պրեվենտիվ բժշկությունը ենթադրում է հանրային առողջապահության ծրագրեր, ու դրանցով Առողջապահության նախարարությունը զբաղվում է, նաեւ՝ անհատական պրեվենտիվ բժշկություն, որն այսօր շատ թանկարժեք է, բայց շատ արդյունավետ: Իսկ այսպիսի սարքավորումներ ունենալու դեպքում այն ավելի հասանելի է դառնում», - նշեց նախարարը՝ հավելելով, որ սա Հայաստանում նման հզորությամբ թվով երրորդ ՄՌ–տոմոգրաֆն է, բայց մոտ ժամանկներս հանրապետությունում կհայտնվեն եւս երկու նմանատիպ տոմոգրաֆներ:
Նա նաեւ նշեց, որ նմանատիպ տեխնոլոգիաները թույլ են տալիս թվայնացված պատկերներն ուղարկել արտասահմանյան ռեֆերենտ կլինիկաներին՝ ճիշտ ախտորոշում ստանալու համար, ու հիվանդներն այլեւս արտասահման մեկնելու կարիք չեն ունենա:
General Electric ընկերության 1.5 տեսլա հզորությամբ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը ունի բոլոր օպցիաները ՝ բոլոր օրգան համակարգերը հետազոտելու համար: Այն Հայաստանում միակ ՄՌՏ-ն է, որը հնարավորություն է տալիս հետազոտել սրտամկանը: Այն կարող է օգտագործվել նաեւ կաթվածների, ինչպես նաեւ ներքին օրգանների մի շարք հիվանդությունների ախտորոշման եւ կանխարգելման նպատակով:
[gallery id=55]
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի






