Ապացուցողական բժշկությունը իրար համադրվող երեք ոլորտների հատման կետն է: Այդ ոլորտներն են հիվանդը՝ իր պահանջներով, բժշկական օբյեկտիվ տվյալները, այսինքն ուղեցույցները  եւ բժշկի կարծիքը, մտածելու ու ընտրելու նրա ունակությունը: Երեւանում անցկացվող «Ապացուցողական բժշկություն՝ տեսությունից պրակտիկա» երկրորդ միջազգային գիտաժողովի շրջանակում  այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց գիտաժողովի զեկուցողներից մեկը՝ Երեւանի բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի հանրային առողջության ու առողջապահության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Թադեւոսյանը: Նրա խոսքով ապացուցողական բժշկությունը մտածելակերպ է, ժամանակակից բժշկության փիլիսոփայություն, որը հնարավորություն է տալիս առաջարկված անթիվ անհամար բուժման մեթոդներից ընտրել ամենաարդյունավետը:

Արտաշես Թադեւոսյանը պարզաբանեց, որ հիմա Հայաստանում շատ բժիշկներ են կիրառում ուղեցույցները, բայց նրանք պարզապես մեխանիկորեն հետեւում են դրանց: «Քննդատական վերլուծություն, փաստերի վերամշակում, որը ապացուցողական բժշկության անհրաժեշտ մասն է,  չի արվում»,- նշեց նա՝ հավելելով, որ ցավոք Բժշկական համալսարանում կրթական ծրագրերը ուսանողին չեն սովորեցնում մտածել, նա պարզապես անգիր է սովորում դեղորայքի ցանկը, ախտանիշները եւ այլն:

Խոսելով այն մասին, որ բուժման առաջարկվող մեթոդները կարող են շատ լինել, ու բժշկի համար երբեմն դժվար է կողմնորոշվել ընտրության հարցում՝ Ար. Թադեւոսյանը նշեց, որ դա բժշկության յուրահատկություններից մեկն է: «Կարող են լինել շատ միջին ինժեներներ, բայց ինքնաթիռը ստեղծում է մեկ հանճարեղ ինժեներ: Եվ մենք բոլորս օգտվում ենք նրա ստեղծած օդանավից: Բայց ցավոք, մենք չենք կարող օգտվել մեկ հանճարեղ բժշկի ծառայություններից, մենք ստիպված են օգտվել բոլոր բժիշկների ծառայություններից»:

Արտաշես Թադեւոսյանը տեղեկացրեց, որ ԵԲՀ հանրային առողջության ֆակուլտետում հիմա դասավանդում են ապացուցողական բժշկության հիմունքները ու գիտաժողովում նրա զեկույցը նվիրված է տվյալ առարկայի դասավանդման խնդիրներին:

Հիշեցնենք, որ Երեւանում սեպտեմբորի 24-26 ը անցնում է Ապացուցողական բժշկություն՝ տեսությունից պրակտիկա խորագրով երկրորդ միջազգային գիտաժողովը http://med.news.am/arm/news/7713/facta-sunt-potentiora-verbis-erevanum-apacucoxakan-bzhshkutyan-temayov-gitazhoxov-e-bacvel.html:  Գիտաժողովի հյուրերը՝ բրիտանական Կոկրենյան համագործակցության բահրեյնյան բաժանմունքի բժիշկ Զբիշ Ֆեդորովիչը եւ ԱՀԿ ներկայացուցիչ Սյուզան Նորիսը այսօր Հանրապետական գիտաբժշկական գրադարանում անց են կացնում դասընթացներ՝ կլինիկական ուղեցույցներ  կազմելու թեմայով http://med.news.am/arm/news/7714/haytni-masnagety-erevanum-kvari-klinikakan-uxecuycneri-mshakman-temayov-dasyntac.html: Վաղը՝ սեպտեմբերի 26–ին, Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի կունենա կլոր սեղան՝ «Կլինիկական որոշումների ընդունման հիմքում կլինիկական ուղեցույցներ , թե՞ կլինիկական հոտառություն» թեմայով: