Ապացուցողական բժշկությունը Հայաստանում պետք է դառնա կլինիկական պրակտիկայի, բուժօգնություն ցուցաբերելու քաղաքականության մշակման եւ բժշկական ուղեցույցների հիմքը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բրիտանական Կոկրենյան կենտրոնի Բահրեյնյան բաժանմունքի (Բահրեյնի թագավորություն, Մանամա) բժիշկ Զբիշ Ֆեդորովիչը:
Հիմնվելով ապացուցողական բժշկության լավագույն ավանդույթների ու մյուս երկրների լավագույն փորձի վրա՝ Հայաստանի մասնագետները պետք է մշակեն իրենց սեփական կլինիկական ուղեցույցները, համարում է մասնագետը:
Մի քանի օր առաջ Զբիշ Ֆեդորովիչը հանդիպել էր ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ, որը ինչպես փոխանցեց բժիշկ Ֆեդորովիչը, նույնպես բարձր է գնահատում բժշկական ուղեցույցները ու հասկանում է դրանց կարեւորությունը: Ճիշտ է, առայժմ Հայաստանում, որքանով հայտնի է բժիշկ Ֆեդորովիչին, միայն մեկ ուղեցույց կա՝ ուռոլոգիայի վերաբերյալ: Այդ ուղեցույցը նա, ավաղ, չի կարդացել, քանի որ հայերենին չի տիրապետում:
Հիշեցնենք, որ երեկ Երեւանում մեկնարկել է ապացուցողական բժշկության թեմայով երկորրդ միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցացիան, Երեւանի բժշկական համալսարանը, Առողջապահության ազգային ինստիտուտը եւ Հանրապետական գիտաբժշկական գրադարանը:
Գիտաժողովի շրջանակում Զբիշ Ֆեդորովիչը այսօր դասընթաց է վարել «Համակարգված ամփոփ տեսությունները կլինիկական ուղեցույցների մշակման գործընթացում. ապացույցների որակի գնահատում» թեմայով: Այսօր կլինի եւս մեկ դասընթաց հարակից թեմայով. ԱՀԿ ներկայացուցիչ Սյուզան Նորիսը կպատմի ապացույցների հիման վրա կլինիկական ուղեցույցների մշակման մասին:






