Ոմանք հավաստիացնում են, որ ապացուցողական բժշկությունը լուրջ ճգնաժամ է ապրում, սակայն դա այդքան էլ ճիշտ չէ, համարում է Ապացուցողական բժշկության մասնագետների միության (Ռուսաստան) նախագահ Վասիլի Վլասովը:

«Ոչ մի ճգնաժամ էլ չկա: Հակառակը, ապացուցողական բժշկությունը շատ ակտիվ զարգանում է: Պարզապես դրա շուրջ առաջացող խնդիրների մասին հայտնի է դառնում այն բժիշկների գործունեության շնորհիվ, որոնք քննադատաբար են վերաբերվում գիտական տեղեկություններին», - նշեց նա NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում:

Ապացուցողական բժշկության հիմքում, նկատեց մասնագետը, գիտական տվյալներն են, սակայն խնդիրն այն է, որ իսկապես որակյալ գիտական տվյալները շատ ավելի քիչ են, քան ցանկալի է: Ավելին, կան բազմաթիվ տարածված պրակտիկաներ, որոնք խանգարում են գիտության ու բժշկության նորմալ զարգացմանը: Օրինակ, ինչպես նշեց Վասիլի Վլասովը, որոշ դեղագործական ընկերություններ կլինիկական փորձարկումներ են անում ու չեն հրապարակում բոլոր արդյունքները: Իսկ պետական կազմակերպությունները երբեմն շուկա են թողնում դեղորայք, քողարկելով դրանց փաստաթղթերի մի մասը: Դրա հետեւանքով շուկայում հայտնվում են դեղամիջոցներ, որոնց արդյունավետությունը ապացուցված չէ, կամ այնպիսիք, որոնք  քողարկված վտանգներ են պարունակում, որոնք հայտնի չեն հիվանդներին ու նույնիսկ բժիշկներից շատերին: Այդ ամենը խարխլում է ապացուցողական բժշկության նկատմամբ վստահությունը ու ստիպում է, որ մարդիկ մտածեն թե այն ճգնաժամի մեջ է:

Բայց ապացուցողական բժշկության սկզբունքները ճիշտ են ՝ պետք է հիմնվել գիտական տվյալների վրա, պարզապես լավ ու որակյալ տվյալները պետք է ավելի շատ լինեն ու դրանք պետք է հասանելի լինեն, հավաստիացնում է բժիշկ Վլասովը:

Նման խնդիրներ, ի դեպ, ոչ միայն բժշկության մեջ են, այլեւ գիտության այլ ոլորտների, համարում է մասնագետը: Հուսալի գիտական տվյալների պակաս կա, օրինակ, գյուղատնետսական տեխնոլոգիաներում: Օրինակ, մթերքների գենետիկ կառուցվածքի փոփոխությունների անվտանգության վերաբերյալ գիտական հետազոտությունների անցկացումը շատ բարդ է ու թանկարժեք, դրա համար էլ շատերը կեղծում են այդ տվյալները, քանի որ դա շատ ավելի հեշտ է: Իսկ պետական մարմինները գտնվում են արդյունաբերության ազդեցության տակ ու, բժիշկ Վլասովի խոսքով, ախտահարված են կոռուպցիայով:

«Դրա համար էլ ոչ միայն բժշկության, այլեւ մյուս ոլորտներում աշխատող բոլոր ազնիվ մարդկանց խնդիրն է իրենց գործունեությունը կազմակերպելիս առաջնորդվել հենց բարեխիղճ պրակտիկաներով, այսինքն նրանով, ինչն էլ հենց գիտություն է կոչվում: Դրա համար պետք է ազնիվ աշխատել ու օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները», - ամփոփեց բժիշկ Վլասովը: