1990-2014թթ. ժամանակահատվածում մանկական մահացության ցուցանիշը Հայաստանում կրճատվել է 53%-ով: Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:
Մանկական մահացության ցուցանիշը (ՄՄՑ) բնութագրում է մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը և հաշվարկվում 1000 կենդանածնի հաշվով:
Համաձայն հաղորդագրության՝ մինչև 2012թ. Հայաստանը բնորոշվել է մանկական մահացության (ՄՄ) միջին մակարդակով (ըստ ԱՀԿ դասակարգման), իսկ 2013թ.-ից հետո գրանցվել է ցուցանիշի 10‰ նիշից ցածր մակարդակ (2013թ.` 9,7‰, 2014թ.` 8,8‰), ինչը, ըստ նույն դասակարգման Հայաստանին դասում է ՄՄ ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում:
Հայաստանի ՄՄ ցուցանիշը զգալի բարենպաստ է ԱՊՀ շատ երկրների համեմատությամբ (զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից հետո), սակայն գերազանցում է միջին եվրոպական մակարդակը (ԱԱՊ` 13,1‰, ԵՄ` 5,1‰):
Հազարամյակի նպատակների հասանելիության համատեքստում կատարված վերլուծությունը փաստում է, որ 1990-2014թթ. ժամանակահատվածում ՄՄՑ կրճատվել է 53% (1990թ.-18.6‰, 2014թ.` 8,7‰, Աղբյուր` ՀՀ ԱՎԾ պաշտոնական տեղեկագրքեր):
Ասվածը ներկայացված է նաև տարածաշրջանում երեխաների մահացության միտումների վերաբերյալ ԱՀԿ եվրոպական գրասենյակի 2014թ. զեկույցում, համաձայն որի, 1990-2014թթ. ընթացքում մինչև 5տարեկան երեխաների մահացության հաշվարկային ցուցանիշը Հայաստանում կրճատվել է ավելի քան 2/3-ով (1990թ.- 54,3‰, 2014թ.` 14,9‰, Աղբյուր` Levels & Trends in Child Mortality. Report 2014, Estimates Developed by the UN Inter-agency Group for Child Mortality Estimation/ WHO, Unicef, The WB, UN DESA):
Ցուցանիշի անկման տեսանկյունից հատկապես տպավորիչ են վերջին 5 տարիների միտումները, որոնք վկայում են և մանկական, և նորածնային (0-28 օրեկան) մահացության ցուցանիշների համապատասխանաբար` 25% և 20% կրճատման մասին (ՄՄՑ - 2011թ.` 11,7‰, 2014` 8.7‰, նորածնային մահացության ցուցանիշ - 2011թ.` 8,4‰, 2014թ.` 6,7‰), ինչը հնարավորություն է տալիս կանխատեսել, որ մանկական մահացության Հազարամյակի թիրախային ցուցանիշը (≤ 8 ‰) հնարավոր հասանելի է:







