Վերջին ժամանակներս ավելի եւ ավելի շատ է խոսվում գինու օգտակարության մասին, իսկ որոշ բժշկական հաստատություններում գինին նույնիսկ օգտագործվում է թերապեւտիկ նպատակներով: Բայց  կարելի է արդյո՞ք հղիներին գինի խմել, ինչպե՞ս դա կազդի պտղի վրա:

Մասնագետները միանշանակ պատասխան չունեն, բայց բոլորը համակարծիք են մի հարցում, որ հղիության ընթացքում խմել ցանկալի չէ: Մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, «Մալաթիա» բժշկական կենտրոնի կանանց խորհրդատվության տնօրեն Իննա Պերսոյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ  արգելում է իր հղիներին գինի խմել:

«Չնայած հիմա ավելի ու ավելի շատ են խոսում գինու օգտակարության մասին, եւ նույնիսկ գոյություն ունի գինեթերապիա հասկացություն, ես իմ հղիներին թույլ չեմ տալիս խմել, նրանք ընդհանրապես  ալկոհոլ չեն օգտագործում »,- ասաց Պետրոսյանը:

Գինու մեջ պարունակվող էթիլային սպիրտը կարող է կործանիչ ազդեցություն թողնել զարգացող պտղի վրա: Չնայած պտուղը պաշտպանված է պլացենտայով, որը ընտրողաբար է բաց թողնում նյութերը, այնուամենայնիվ, էթանոլը  կարող է անցնել պլացենտայով եւ անդառնալի վնաս հասցնել:

«Եթե կինը խմի հղիության հենց սկզբից, ապա պտղի եւ ներքին օրգանների սխալ զարգացման  հավանականություն կլինի»,- ասաց բժիշկը:

Պերսոյանը հիշեցրեց, որ  ալկոհոլը վնասակար է նաեւ լյարդի վրա: «Հղիի մոտ լրացուցիչ ծանրաբեռնվածություն կա լյարդի վրա, եւ նա պետք է առողջ լինի, որպեսզի կարողանա լավ տանել հղիությունը»,- բացատրեց Պերսոյանը:

Բացի դրանից, եթե հղին ալկոհոլ օգտագործի, չի բացառվում երեխայի մոտ ալկոհոլային համախտանիշի զարգացումը, որի կարեւորագույն հետեւանքը մտավոր զարգացման հետամնացությունն է:

Թեպետ գինին մի շարք դրական ազդեցություններ ունի, հայ բժիշկների կարծիքով, հղի կանայք ավելի լավ է ռիսկի չդիմեն եւ ճօգտագործեն այն՝ ապագա երեխաների առողջությունը սպառնալիքի տակ չդնելու համար:  Միակ բացառությունը կարող են լինել ժամանցային միջոցառումները, որոնց  ժամանակ հղիները շատ հազվադեպ կարող են իրենց մի կում գինի թույլ տալ, բայց ոչ ավելին: