Եթե մի տեղափոխենք առաջ այն պահը, երբ սկսում ենք վերականգնողական թերապիան, հիվանդի կյանքի որակը զգալիորեն ավելի բարձր կլինի։  Իսկ ամենակարեւորն այն է, որ այդ դեպքում հնարավոր է շատ բյուջետային միջոցներ խնայել, օպտիմալացնել բժշկի աշխատանքը եւ բարելավել հիվանդի կյանքի որակը՝ կրճատելով վերականգնման հետբուժական ժամանակաշրջանը։ Այդ մասին  NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Երիտասարդ բժիշկների ընկերակցության խորհրդի անդամ Դմիտրի Բուլետովը, որը նոյեմբերի  6-ին զեկույցով է հանդես  եկել «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. Միջմասնագիտական մոտեցում» համաժողովի շրջանակում։

«Հիմնական հարցն այն է, որ  վերականգնողական թերապիան սկսում ենք բուժում անցած հիվանդների հետ, բայց շատ խնդիրներ, որոնք լուծվում են բուժումից հետո մեկնարկող վերականգնողական թերապիայի ընթացքում կարելի էր լուծել մինչեւ դա», - ասել է նա։

Նրա խոսքով, վերականգնողական թերապիայի հիմնարար խնդիրներից մեկը տարբեր մասնագիտությունների բժիշկների փոխգործակցությունն է, բայց «բժիշկները չեն սիրում օգնության խնդրանքով դիմել գործընկերներին»։ «Ես, օրինակ, նման պրակտիկա չունեմ, որ որպես ուռուցքաբան, իմ հիվանդի հետագա բուժման համար  դիմեմ վերականգնողական թերապիայի մասնագետի։  Այդ խնդրի լուծումը թողնված է հիվանդի վրա։  Նախ՝ ես ծանոթ չեմ այդ մասնագետներին, երկրորդ, դա ներառված չէ բուժման ստանդարտների մեջ։ Ավելին, փոխգործակցություն չկա նույնիսկ վերականգնողական թերապիայի մասնագետ բժիշկների հանրության ներսում, էլ չեմ ասում այլ մասնագետների մասին», - ասել է նա։ Դմիտրի Բուլետովի կարծիքով դա կազմակերպչական հարց է, բայց, օրինակ, Ռուսաստանում նման մասնագետներ չկան, որոնք զբաղվեին այդ կազմակերպչական հարցերով, գումարած՝ բժիշկների վերաորակաորման ծրագրում վերականգնողական թերապիա մասնագիտություն չի նախատեսված։  

Ռուս բժշկի խոսքով, այդ հարցը չի կարող լուծվել կոնկրետ բժիշկների մակարդակով, դա պետական հարց է եւ նույնիսկ միջպետական։  Եվ նա իր զեկույցում առաջարկում է միջպետական այնպիսի համակարգ ստեղծել, որը ուղղված լինի բուժումից հետո հիվանդի կյանքի որակի բարելավմանը։

«Օրինակ, եթե մենք Հեռավոր Արեւելքից թոքերի խնդիր ունեցող հիվանդ ունենք։ Նա բուժվել է Մոսկվայում, բայց դրանից հետո վերականգնողական թերապիայի կարիք ունի։ Եվ այստեղ կարելի է օգտագործել բարձրլեռնային առողջարանների հնարավորությունները, ասենք՝ հենց նույն Հայաստանում։  Ինչո՞ւ նման համակարգ չստեղծվի։  Չէ՞ որ արդեն գոյություն ունեն ոսկրածուծի ռեեստրներ, որոնք գործում են ամբողջ աշխարհով մեկ եւ եթե հիվանդը ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունի, նրա համար միջպետական մակարդակով են դոնոր փնտրում։  Ի՞նչն է խանգարում ռեաբիլիտացիայի կարիք ունեցող հիվանդների ռեեստր ստեղծել», - ասել է նա՝ նշելով, որ բոլոր հարցերը կհիմնվեն փողի վրա, բայց ֆինանսավորման աղբյուր կարող են դառնալ ներդրումները այն  ընկերությունների կողմից, որոնք կզբաղվեն վերականգնողական թերապիայով՝ զբոսաշրջային կենտրոններ, առողջարաններ, որոնք հետաքրքրված կլինեն դրանով։    «Դա կարող է հանգեցնել ոչ միայն բժշկական զբոսաշրջության, այլեւ ամբողջ զբոսաշրջային բիզնեսի զարգացման», - նշել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-7-ը Երեւանում տեղի է ունենում «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ» համաժողովը։