Մարդու կյանքի որակի ինը հիմնական բաղադրիչներից բացի, բժշկի կյանքի որակը ներառում է նաեւ հանրությունում նրա կարգավիճակի եւ իրավական պաշտպանվածության հարցերը։ Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ Գեւորգ Գրիգորյանը, որը նոյեմբերի 6-ի «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ» համաժողովին ելույթ է ունեցել «Բժշկի կյանքի որակը» զեկույցով։
Նրա խոսքով, եթե, օրինակ, ոստիկանը հանցագործների հետ վեճի բռնվի եւ վնասվածք ստանա, ինքն է ընտրել այդ մասնագիտությունը հանցագործներին բռնելու համար եւ ինքն էլ տեղեկացված է իր մասնագիտության վտանգների մասին։ Իսկ բժիշկի համար, որը տարբերություն չի դնում հանցագործի, թե ոստիկանի բուժելու միջեւ, անընդունելի է ռիսկային իրավիճակում հայտնվելը։
«Քանի անգամ են ծեծել շտապօգնության բժիշկներին։ Հասարակությունում բժշկի հանդեպ սխալ վերաբերմունք կա», - ասել է Գեւորգ Գրիգորյանը՝ հավելելով, որ այնպես է ստացվում, որ ուրիշների կյանքը թեթեւացնող բժիշկն իր կյանքն է բարդացնում։ Եվ ոչ միայն նրանով, որ հայտնվում է այնպիսի իրավիճակներում, որոնցում չպիտի հայտնվեր քաղաքակիրթ երկրում, այլեւ որովհետեւ նա իրավաբանորեն պաշտպանված չէ։ Նրա խոսքով, ժողովրդի մեջ հաճախ օգտագործվում է բժշկի սխալ արտահայտությունը, դրանով անընդհատ խարանում են բժիշկներին, չնայած իրավագիտության մեջ նման եզրույթ չկա։
Բացի այդ, Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահի խոսքով, բժշկի կյանքի որակը իր մեջ ներառում է նաեւ կրթական ծրագրերի հասանելիության, հասարակության մեջ նրա կարգավիճակի հարցը։ «Բժշկական մասնագիտությունները պիտի ավելի մեծ հարգանքի արժանանան», - նշել է նա՝ հավելելով, որ հասարակությունն այսօր հերոսի է տեսնում հանձին գոլեր խփող ֆուտբոլիստի, բայց հերոս չի համարում կյանքեր փրկող բժշկին։






