Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը բարդ եւ բազմագործոն խնդիր է: Սակայն նույնիսկ մի քանի պարզ քայլը, որ յուրաքանչյուրը կարող է անել, ի վիճակի են օգնել կանխարգելելու այն: Այդ քայլերի մասին լրագրողներին պատմել է ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանը:
1. Հիշեք, որ հակաբիոտիկներով բուժում են միայն այն հիվանդությունները, որոնք մանրէների պատճառով են ի հայտ եկել:
Վարակիչ հիվանդությունների դեմ հակաբիոտիկներն անզոր են, դրա համար էլ չի կարելի դրանք ընդունել գրիպի կամ այլ հիվանդությունների դեպքում:
2. Հակաբիոտիկներ ընդունեք միայն բժշկի նշանակմամբ:
Ջանացեք հստակորեն հետեւել բժշկի բոլոր հանձնարարություններին եւ հակաբիոտիկներն ընդունեք ճիշտ այնպես, ինչպես նա ասել է, չփոխելով չափաբաժինը, ոչ էլ դեղն ընդունելու ժամերը:
3. Հակաբիոտիկներով բուժման կուրսը մի ընդհատեք:
Նույնիսկ եթե կուրսի կեսն եք խմել ու ձեզ հրաշալի եք զգում, դա չի նշանակում, որ կարող եք ընդհատել այն: Անհրաժեշտ է մինչեւ վերջ խմել կուրսը, չէ որ ընդհատումը կարող է նպաստել մանրէների դեմ դիմադրողականության ձեւավորմանը
4. Մի ընդունեք ուրիշ մեկին նշանակված դեղամիջոցներ:
Նույնիսկ եթե ձեզ թվում է, որ նույն հիվանդությունն ունեք, ինչ ձեր ծանոթը, չի կարելի ընդունել այն դեղերը, որոնք նրան են նշանակել: Հիվանդությունների ախտանիշները կարող են նման լինել, բայց գրգռիչները կարող են լինել տարբեր:
5. Պաշտպանվեք մանրէածին հիվանդություններից:
Հաճախ անհամեմատ ավելի հեշտ է պաշտպանվել մանրէածին հիվանդություններից, քան կարող է առաջին հայացքից թվալ: Ձեռքերը օճառով լվացեք, չէ որ կեղտոտ ձեռքերը շատ հիվանդությունների աղբյուր են:
Հիշեցնենք, որ այսօր աշխարհում սկսվում է Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը, որին Հայաստանն էլ է միացել: Շաբաթն ուղղված է հակաբիոտիկների դեմ դիմադրողականության խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ հանրության, բուժաշխատողների եւ քաղաքագետների շրջանում դրանց ճիշտ գործածության քարոզչությանը:






