«Դեղերի մասին» նոր օրենքը ներկայումս գտնվում է ՀՀ Ազգային ժողովում, եւ դրա քննարկումն առաջին ընթերցմամբ պլանավորվում է անցկացնել դեկտեմբերին, իսկ վերջնական ընթերցմամբ օրենքն ընդունվելու է մինչեւ եկող տարվա հունիս։ Այս մասին NEWS.am Medicine  -ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

Նա պարզաբանել է, որ դեղերի ոլորտը առողջապահության տեսանկյունից ամենակարեւորներից մեկն է։ Մեր երկրում դա առավել ազատականացված ոլորտներից մեկն է, առանց պետական մասնակցության, եւ գործող օրենքն արդեն բավական չէ այդ ոլորտում հարաբերությունները կարգավորելու համար։

«Ամբողջ աշխարհում դեղերի ոլորտը, անկախ տնտեսական ձեւից, ամենակարգավորված դաշտն է։ Պետությունը անմիջական ազդեցություն է թողում դեղերի շրջանառության վրա, տարբեր գործիքներ օգտագործելով, սկսած արտոնագրումից, վերջացրած յուրաքանչյուր դեղի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության ընդունումից, դրանք գրանցելուց մինչեւ դեղերի ներկրման ժամանակ այդ դեղերի նույնականությունը ստուգելը եւ այլն։ Հայաստանում, իհարկե, կան այդ գործիքները, բայց դրանք ամբողջությամբ չեն ծածկում ոլորտի կարգավորումը», – ասել է նա։

Սերգեյ Խաչատրյանը մասնավորապես նշել է, որ  ներկայումս մեր երկրում դեղերի մեծածախ առեւտուրը չի արտոնագրվում։ Արտոնագրվում է դեղատների գործունեությունը, եւ պահանջներ են ներկայացվում, որպեսզի դեղատները պայմաններ ապահովեն դեղերի պատշաճ պահպանման համար։ Սակայն մեծածախ առեւտրի հարցում դա բացակայում է, եւ դա բացթողում է։ «Եվ նման բացթողումներ այս պահին շատ կան»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանի կառավարության կամ առողջապահության նախարարի ժամանակավոր որոշումները չեն տալիս ցանկալի արդյունքը, եւ հենց այդ պատճառով դեռեւս 2 տարի առաջ սկսվել է «Դեղերի մասին» օրինագծի մշակումը։ Նա հիշեցրել է, որ այն ժամանակ օրինագիծն ուղարկվել էր Ազգային ժողով, սակայն հետ էր վերադարձվել կառավարությանը լրամշակման համար։ Հիմա լրամշակված ձեւով այն նորից ուղարկվել է խորհրդարան։

Ինչպես պարզաբանել է Սերգեյ Խաչատրյանը, օրինագիծը լուրջ փոփոխությունների է ենթարկվել ինչպես ձեւի, այնպես էլ բովանդակության առումով։ Նրա խոսքով՝ դրանում  ներառված են  բազմաթիվ հասկացություններ, որոնք նախկինում չկային։ Նախատեսվում է նոր գործիքներ եւ մոտեցումներ մշակել։ Մասնավորապես պետությունը լծակներ է ստանում շուկայում դեղերի գների վերահսկողության վրա։

«Մենք սկսում ենք շատ փոքր դաշտից։ Դրանք պետության կողմից փոխհատուցվող դեղերի ցանկի դեղերի գների կարգավորումն է: Սա առաջին անգամ է արվում, եւ մենք այս կարգավորումով պետք է հասնենք նրան, որ պետության կողմից ձեռք բերվող դեղերը ապահովեն այն ֆինանսական մատչելիությունը, եւ որակը իհարկե, որը մենք հիմա ուղղակիորեն չենք կարողանում անել»,- ասել է նա։

Փոխնախարարը նաեւ պարզաբանել է, որ այսօրվա դրությամբ կան որոշումներ եւ հրամաններ, որոնք չկատարելը որեւէ պատիժ չի նախատեսում։ Օրինակ՝ կա հրաման, որ հակաբիոտիկները պետք է տալ միայն բժշկի նշանակմամբ։ Այդ որոշումը պարբերաբար խախտվում է, եւ դա մնում է անպատիժ։ «Մենք կարող ենք միայն կոչ անել, բացատրական աշխատանքներ անցկացնել։ Սակայն այստեղ պետք է պատժամիջոցներ կիրառվեն։ Նոր օրենքում մենք նախատեսում ենք եւ շատ խիստ եւ շատ բարձր տույժ ու տուգանքներ սահմանել խախտումների համար»,- ասել է նա՝ նշելով, որ նպատակն այն չէ, որ դեղատներից եւ դեղագործական ընկերություններից գումար ստանալ, այլ այն, որպեսզի նրանք դադարեն խախտել օրենքը՝ հասկանալով, որ դա կարող է աղետալի հետեւանքներ ունենալ նրանց համար։ Դեղատունը, վճարելով այդ մեծ տուգանքը, ուղղակի կարող է սնանկանալ։

Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ Առողջապահության նախարարությունը երկար տարիներ սերտորեն համագործակցում է դեղարտադրողների եւ ներկրողների հետ, եւ օրենքը նրանց հետ մանրամասն քննարկվել է։

«Ընդ որում, մենք անմիջապես համագործակցում ենք արտադրողների եւ ներկրողների հետ։ Վերջին 1.5 տարում ամսվա յուրաքանչյուր վերջին ուրբաթ մենք հանդիպում էինք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Եթե նախկինում ընդունված էր նրանց հետ շփվել միջնորդի միջոցով, ապա այսօր մենք անմիջական շփման մեջ ենք գտնվում նրանց հետ, առանց միջնորդի, եւ նրանք ավելի լավ են ընկալում այն փոփոխությունները, որոնք ցանկանում ենք անել մենք։ Օրենքն ուղղված է նաեւ նրանց իրավունքների պաշտպանությանը»,- ասել է նա՝ հավելելով, որ դեղագործական ոլորտի ներկայացուցիչները տեղյակ են առաջիկա փոփոխությունների մասին, եւ նրանք հիմա ժամանակ ունեն, քանի դեռ օրինագիծը խորհրդարանում է, ուղղումներ կատարել։

Փոխնախարարը նաեւ նշել է, որ օրենքն ընդունելուց հետո պլանավորվում է 50 օրենսդրական ակտ եւ որոշում ընդունել։ «2016թ. դիտարկվում է որպես այդ առումով մեծ փոփոխությունների տարի, դեղերի ոլորտի կարգավորման եւ դեղերի շրջանառության շրջան»,- ասել է նա։