Երեւանում «ԶԼՄ–ներ եւ հոգեկան առողջություն» գիտաժողովի Ֆորումի մասնակիցները չեն ընդունել հայտարարության նախապես պատրաստված նախագիծը` որոշելով այն առցանց քննարկման դնել եւ շտկումներ մտցնել:  Ուղերձի բովանդակությունը մեղմելու առաջարկով հանդես եկան Երեւանի Պետական համալսարանի Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը եւ մեդիափորձագետ Միքայել Յալանուզյանը:  

Ֆորումում հայտարարության տեքստն ընթերցեց  Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: Դրանում, մասնավորապես, նշված էր. 

 «Հիմք ընդունելով ժամանակակից աշխարհում

• Հոգեկան խանգարումների աճը և այդ խնդրում հատկապես տեղեկատվության դերը,

• հասարակական գիտակցության վրա ԶԼՄ-ների աճող ազդեցությունը, ինչպես նաև այդ ազդեցության միջոցով բազմաթիվ չարաշահումների հնարավորությունը,

Հաշվի առնելով լրատվության ոլորտում

կարգավորող հստակ մեխանիզմների անկատարությունը, ինչպես նաև լրագրողական էթիկայի նորմերի բացակայությունը, ինչն իր հերթին մեծ հնարավորություն է ընձեռում իրականությանը  չհամապատասխանող, աղավաղված և կանխակալ տեղեկատվության տրամադրման համար

Փաստելով, որ նման իրավիճակը

• Բացասաբար է անդրադառնում բնակչության հոգեկան առողջության վրա, իսկ երեխաների և դեռահասների պարագայում կարող է ունենալ կործանարար ազդեցություն

• հնարավորություն է տալիս հասարակական գիտակցության  տարաբնույթ մանիպուլյացիաների, դրանից բխող բոլոր հետևանքներով

Կոչ ենք անում

ԶԼՄ-ներին զերծ մնալ չստուգված, իրականությանը չհամապատասխանող և ավելի շատ բացասական երանգներով տեղեկատվության տրամադրումից

Պատկան մարմիններին՝ ոլորտում առկա վիճակը կարգավորելու նպատակով իրացնել օրենսդրությամբ նախատեսված իրենց լիազորությունները և լրացնել օրենսդրության բացերը»։

Վերջում կոչ էր պարունակվում տվյալ հայտարարությունը չդիտարկել որպես խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ: 

Հոգեբան Հրանտ Ավետիսյանն առաջարկեց մեղմել ուղերձի տոնը, ինչպես նաեւ նշել այն դրական միտումները, որոնք առկա են լրատվամիջոցներում, ոչ թե կենտրոնանալ միայն բացասական երեւույթների վրա:  «Հակառակ դեպքում լրատվամիջոցները սխալ կընկալեն մեր կոչը», - նշել է նա: 

Մեդիափորձագետ Միքայել Յալանուզյանը նշել է, որ լրատվամիջոցներին նման կոչը կարող է ընկալվել որպես գրաքննության փորձ, հատկապես հաշվի առնելով այն, որ դրանում դիմում կա պետմարմիններին` ոլորտը կարգավորելու, իսկ դա ուղիղ ճանապարհ է դեպի գրաքննություն: Նա նաեւ նշել է, որ էթիկայի կանոնները կամավոր են եւ չեն կանոնակարգվում օրենքով, անհնար է պարտադրել դրանք: Նա առաջարկել է հայտարարության ընդունումը հետաձգել եւ դրանում համապատասխան շտկումներ անել:  

Արմեն Սողոյանը, արտահայտված առարկությունները հաշվի առնելով, առաջարկեց առցանց ֆորում կազմակերպել, լրամշակել հայտարարության տեքստը եւ հետո միայն «ԶԼՄ–ներ եւ հոգեկան առողջություն» համաժողովի անունից հրապարակել որպես պաշտոնական հայտարարություն: 

Նշենք, որ համաժողովի լիագումար նիստի ընթացքում հոգեբան Խաչատուր Գասպարյանը զեկույց է ներկայացրել «ԶԼՄ–ներ եւ հոգեկան առողջություն» թեմայով, որում օրինակներով փորձել է ցույց տալ վատ սենսացիոն լուրերի ազդեցությունը հանրության առողջության վրա ընդհանուր առմամբ:

Փորձագետ Վահրամ Միրաքյանը Երեւանի պետական համալսարանից   ներկայացրել է  «ՀՀ Օրենսդրությունը որպես հեռուստաեթերի կարգավորմանը խոչընդոտող գործոն» զեկույցը,  որում օրինակներով ցույց է տվել, որ գործող օրենքն ուղղակի չի աշխատում, իսկ ինքնասպանությունների մասնագետ Կամո Վարդանյանը նկարագրել է լրատվամիջոցների ազդեցությունը ինքնաագրեսիայի դրսեւորման վրա, ընդհուպ մինչեւ ինքնասպանություն: