Յուրաքանչյուր ոլորտի նախարար նաեւ առողջապահության նախարար է, իսկ առողջապահության նախարարը բոլոր նախարարությունների նախարարն է: Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման 2016-2021 թվականների Հայեցակարգի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Լուիջի Միգլիորինին:
Նրա խոսքով, առողջապահությունը հասարակության սոցիալ-տնտեսական կայուն զարգացման անքակտելի մաս է կազմում: Այն կապված է տնտեսության մյուս բոլոր բնագավառների հետ, եւ գտնվում է ցանկացած զարգացման կենտրոնում: Այդ ոլորտում արված ներդրումները ոչ թե բուժման մեջ ներդրումներ են, այլ մասնակցություն հասարակության կայուն զարգացմանը:
Խոսելով օրինակներով՝ Լուիջի Միգլիորինին նշեց, որ եթե, օրինակ, ճանապարհա-տրանսպորտային պատահար է տեղի ունենում, ապա համարվում է, որ առողջապահության դերը տուժածին հիվանդանոց տանելն ու բուժելն է: Սակայն դրա դերը սկսվում է դրանից շատ առաջ, օրինակ՝ ճանապարհների եւ տրանսպորտի անվտանգությունից:
Առողջ կենսակերպի հարցերում, ըստ փորձագետի, անհրաժեշտ է բազմաթիվ գերատեսչությունների գործողությունների համակարգում, հարկավոր են դրանց միջեւ հորիզոնական կապեր: Մասնավորապես, ծխելու եւ ալկոհոլի դեմ պայքարում մեծ է ֆինանսների կամ առեւտրի նախարարությունների դերը, որոնք բարձր հարկեր են սահմանում այդ ապրանքների համար:
Փորձագետը սխեմա ներկայացրեց, որում պատկերված էին թչացած ծորակ, դույլ եւ հավաքարար, որը մաքրում է հատակին թափվող ջուրը, երբ դույլը լցվում է:
Նա պարզաբանեց, որ ներկայում առողջապահության համակարգը հատակը մաքրող հավաքարարի դերում է, իսկ իրականում այն պետք է ծորակ սարքող ընդհանուր համակարգի մաս կազմի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day