Այս տարի Հայաստանում А տեսակի գրիպից մահացության մեկ դեպք է արձանագրվել:  Ինչպես լրագրողներին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի շնչառական վարակների եւ հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, այդ հիվանդը նպաստող հիվանդություններ է ունեցել, որոնք գրիպի հետեւանքով սրվել են եւ հանգեցրել մահվան: 

Ինչպես պատմել է մասնագետը, հիվանդը բավականին ուշ է դիմել բժշկի` գրիպի միայն հինգերորդ օրը: Նա նաեւ խրոնիկական հիվանդություններ ուներ` սրտի իշեմիկ հիվանդություն եւ սրտա-թոքային անբավարարություն: 

Մասնագետը հիշեցրել է, որ գրիպը` ցանկացած գրիպ, անկախ իր տեսակից, վտանգավոր է այսպես կոչված ռիսկի խմբի բոլոր մարդկանց համար: Իսկ խրոնիկական հիվանդություններով մարդիկ հենց մտնում են ռիսկի խմբի մեջ, ինչպես եւ տարեցները, հղի կանայք եւ փոքր երեխաները: 

Բոլոր այդ մարդկանց Լիանա Թորոսյանը խորհուրդ է տալիս զգույշ լինել, ջանալ չշփվել հիվանդ մարդկանց հետ, կանոնավոր կերպով օդափոխել տարածքը եւ ճիշտ սնվել:  Գրիպի նշանների ի հայտ գալու դեպքում (օրինակ` բարձր ջերմության) անհրաժեշտ է դիմել բնակության վայրին կից պոլիկլինիկա: Իսկ ամենակարեւորը ոչ մի դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվելն ու հենց այնպես հակաբիոտիկներ չընդունելն է: