• Latest news

Քաղցկեղի մասին 6 առավել տարօրինակ առասպելները

13 փետրվարի, 2016  17:10

Շաքարն ազդո՞ւմ է արդյոք քաղցկեղի զարգացման ռիսկի վրա: Բիոպսիա անելը վտանգավո՞ր է: Քաղցկեղն իրո՞ք մեր օրերի հիվանդություն է: 

Արեւմտյան մասնագետները պատասխանել են այս եւ այլ հարցերի եւ ներկայացրել են քաղցկեղի մասին տարածված 6 ամենատարօրինակ առասպելները: 

Առասպել 1 – Շնաձկներն օգնում են բուժել քաղցկեղը

Մի հետազոտության շրջանակում շնաձկներին քաղցկեղ առաջացնող քիմիկատներ   ներարկեցին, սակայն շնաձկներից ոչ մեկի մոտ այդպես էլ քաղցկեղ չառաջացավ. հավանաբար այն պատճառով, որ շնաձկները կազմված են հիմնականում կռճիկներից, որոնք բարդացնում են նոր արյունատար անոթների ի հայտ գալը: Ուռուցքը աճելու եւ զարգանալու համար արյամբ մատակարարվելու կարիք ունի, այդ պատճառով առանց այն սնուցող նոր անոթների, հազիվ թե կարողանա աճել: 

Եթե մարդուն հաջողվի արգելափակել ուռուցքին արյան մատակարարումը, գուցե նրա մոտ էլ ուռուցքը չկարողանա աճել, բայց դա դեռ բոլորովին էլ փաստ չէ: Ամեն դեպքում քաղցկեղով չհիվանդացող շնաձկները ոչ մի կերպ չեն կարող մարդկանց պաշտպանել քաղցկեղից, ոչ էլ բուժել այդ հիվանդությունը: 

Առասպել 2 – Շաքարը «սնուցում է» քաղցկեղային ուռուցքը

Օրգանիզմում շաքարը էներգիայի է վերածվում, իսկ քաղցկեղի բջիջներին աճի համար շատ էներգիա եւ գլյուկոզա է անհրաժեշտ, այդ պատճառով որոշ գիտնականներ ենթադրել են, թե շաքարի օգտագործումը նպաստում է ուռուցքի աճին եւ մեծացնում է նրա աճի ռիսկը: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ ուռուցքը միշտ գլյուկոզային հասնելու եղանակ գտնում է` անկախ նրանից` Դուք շաքար օգտագործում եք, թե չէ: 

Առասպել 3 – Հակաօքսիդանտները բուժում են քաղցկեղը 

Հակաօքսիդանտները կանխարգելում կամ դանդաղեցնում են բջիջների վնասումը, որը կարող էր քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ պատճառով որոշ մարդիկ կարծում են, թե հակաօքսիդանտներով հարուստ սննդամթերքը (օրինակ` կանաչ թեյը կամ հատապտուղները) կարող են կանխարգելել կամ բուժել քաղցկեղը: Սակայն հետազոտողները, փորձարկելով հակաօքսիդանտներով հարուստ սննդային հավելումները, հայտնաբերել են, որ դրանցից առանձնապես օգուտ չկա: 

Առասպել 4 – Բիոպսիան նպաստում է քաղցկեղի տարածմանը 

Անցյալում համարվում էր, որ բիոպսիա կատարելը նպաստում է քաղցկեղի ավելի արագ տարածմանը: Սակայն այսօր մասնագետները պնդում են, որ բիոպսիայից հետո միայն ձվարանների ուռուցքը կարող է իրոք տարածվել: 

Առասպել 5 – Քաղցկեղը ժամանակակից հիվանդություն է 

Ամեն տարի գիտությունը նորանոր քաղցկեղածին նյութեր է հայտնաբերում, սակայն ռիսկի հիմնական գործոնը մնում են ծուխը, ուլտրամանուշակագույն ճառագայթները եւ գենետիկան: Քաղցկեղ են հայտնաբերել 3000 տարեկան մնացորդների մեջ եւ նույնիսկ հնագույն դինոզավրերի մոտ, ինչն ապացուցում է, որ քաղցկեղը բոլորովին էլ մեր օրերի հիվանդություն չէ: 

Առասպել 6 – Քաղցկեղը գնալով ավելի ու ավելի շատ մարդ է սպանում 

Զարգացող երկրներում աճում է քաղցկեղով հիվանդացումը, սակայն նույնը չի կարելի ասել նաեւ զարգացած երկրների մասին, որտեղ շատ բան է արվում քաղցկեղի կանխարգելման եւ վաղ ախտորոշման նպատակով եւ որտեղ դրա բուժման նորագույն մեթոդներ կան: 

Մասնագետների խոսքով, քաղցկեղով հիվանդացումն ու դրանից մահացությունն աշխարհում աճում են նաեւ այն պատճառով, որ ավելանում է մարդկանց կյանքի տեւողությունը, ինչի հետ կապված մարդն ավելի շատ ժամանակ է ունենում, որի ընթացքում նրա մոտ կարող է քաղցկեղ առաջանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է