Շաբաթ եւ կիրակի օրերին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ Երեւանի պոլիկլինիկաներում սահմանվել են հերթապահություններ` ընդգրկելով մանկաբույժների։ Հերթապահությունների կազմակերպման նպատակն այն է, որ սուր շնչառական հիվանդությունների դեպքում մարդիկ հնարավորություն ունենան օգտվելու առողջության առաջնային պահպանման ծառայություններից, եւ անհարկի չծանրաբեռնվեն հիվանդանոցներն ու շտապօգնության ծառայությունը։ Այս մասին NEWS.am. Medicine-ին հայտնեցին Հայաստանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունից։

Նախարարին փետրվարի 24-ին զեկուցվեց, որ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների ծանր դեպքեր չկան։  Նախարարը հանձնարարեց շարունակել ինչպես ամենօրյա մշտադիտարկումը, այնպես էլ` պոլիկլինիկաների հերթապահությունները։

Խորհրդակցության ժամանակ Դերենիկ Դումանյանին ներկայացվեց իր հանձնարարությամբ շտապօգնության ծառայությունում մանկաբուժական բրիգադներ ձեւավորելու նպատակով կատարված ուսումնասիրությունները, արվեցին առաջարկներ։

«Այդ բրիգադների ձեւավորումով էականորեն կբարելավվի երեխաների բժշկական օգնության որակը։ Մանկաբուժական հատուկ բրիգադները ոչ միայն հեշտությամբ կկողմնորոշվեն, այլեւ կանչ տվող ընտանիքը կօգտվի մանկաբույժի խորհրդատվությունից»,-ասաց նախարարը` հանձնարարելով հստակ մեխանիզմներ մշակել եւ կոնկրետ առաջարկություններ ներկայացնել Երեւանում շտապօգնության մակաբուժական բրիգադներ ձեւավորելու նպատակով։